Արդարադատության նախարարությունը պարզաբանում է.hetq.am

05/09/2012

Օգոստոսի 30-ին «Հետքում» հրապարակված` «Պոչատ աղվեսի հեքիաթը արդարադատության համակարգում դեռ արդիական է, կամ Մխեյանն արձակուրդ է գնացել» վերնագրով հոդվածում տեղ գտած անճշտությունների արդյունքում թյուր կարծիք է ստեղծվել, թե իբր նոտարները գործում են ՀՀ արդարադատության նախարարության թելադրանքով: Մաս­նավորապես հոդվածում նշված է, որ նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանց­ման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանը կարծիք է հայտնել, թե իբր «ժառանգությունը ենթակա չէ ձևակերպման»:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանը նման կարծիք չի հայտնել և չէր կարող հայտնել, քանի որ նոտար­ները նոտարական գործողություններ կատարելիս անկախ են և ենթարկվում են միայն օրենքին, իսկ նախարարությունը միայն և միայն վերահսկում է, թե որքանով է նոտարն օրենքի տառին համապատասխան իրականացնում իր գործարքները: Նշված հանգամանքը բազմիցս շեշտվել և մանրամասն պարզաբանվել է ՀՀ արդարադա­տության նախարարությանը դիմած այն քաղաքացիներին, ովքեր պահանջել են հանձնարարել կամ ցուցում տալ նոտարին այս կամ այն գործողությունը կատարելիս:

Իհարկե նոտարը դիմել է Դ. Մխեյանին կարծիք ստանալու խնդրանքով, ինչը ինքնին պարսավելի չէ: Վերջինիս պատասխանվել է, որ թեպետ ներկայաց­ված իրա­վիճակը խնդրահարույց է, սակայն նոտարն ինքը պետք է որոշում կայացնի նոտա­րական գործողությունը կատարելու կամ դրա կատարումը մերժելու վերաբերյալ` առաջնորդվելով օրենքի պահանջներով: Այդ մասին Դ. Մխեյանը հայտնել է նաև սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանի կողմից լիազորված անձ՝ Նարեգ Հարթունյանին, վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Որևէ ցուցում նոտարին` նոտարական գործողությունը չկատարելու վերաբերյալ չի տրվել, առավել ևս հրահանգ չի տրվել՝ սպասել մինչև Դ. Մխեյանը կվերադառնա արձա­կուր­դից:

Այդուհանդերձ, հիմք ընդունելով Ձեր կայքում տեղ գտած հրապարակումը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը նոտարի գործողության (անգործության) օրինականության ստուգման նպատա­կով կատարում է փաստաթղթերի ուսումնասիրություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարինե Քալանթարյան
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար