Հայաստանը` Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի անդամ

18/09/2012

 Բելգիայի Թագավորության Լիեժ քաղաքում սեպտեմբերի 12-ից 15-ը տեղի ունեցավ Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի (EPTA) 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էր նաև <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը և գիտական քարտուղար Գուրգեն Աֆրիկյանը: Գիտաժողովի փակմանը՝ սեպտեմբերի 15-ին, Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի և <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց Հուշագիր, որի համաձայն Հայաստանը ևս դարձավ Ակադեմիայի անդամ:
Ակադեմիան ստեղծվել է 2010 թվականին Ֆրանսիայի արդարադատության նախարարության վերապատրաստման կենտրոնի նախաձեռնությամբ: Ակադեմիայի նպատակն է բոլոր անդամ երկրներին տալ միահավասար հնարավորություններ՝ իրենց փորձն ու հմտություններն ավելի մասսայական դարձնելու և փոխանցելու միմյանց: Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի անդամ են հանդիսանում Անդորրան, Իսպանիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Ռումինիան, Շվեդիան, Իտալիան, Գերմանիան, Դանիան, Վրաստանը, Իռլանդիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Նիդեռլանդները և Բելգիան: