2013-ին շահագործման կհանձնվի «Արմավիր» ՔԿՀ-ն. Pastinfo
08/10/2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ, որտեղ շարունակվում են «Արմավիր» քրեակատարողական նոր հիմնարկի շինարարական աշխատանքները:
Նախարարի խոսքով՝ «Արմավիր» ՔԿՀ-ն իր տեսակով առաջինն է լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
«Յուրաքանչյուր խուց 16 քմ է: Բոլորը նույնանման են, նախատեսված են չորս անձի համար: Մենք առաջին անգամ հրաժարվելու ենք այն խցերից, որտեղ ապրում են 10-15 մարդ: Սա իր հետ կբերի տասնյակ խնդիրների լուծում»,- նշեց Հ. Թովմասյանը:
ՔԿՀ շենքի նախագծողները բանտային ճարտարապետներ են եղել, ովքեր հաշվի են առել տասնյակ գործոններ: Բանտային պայմաններ չեն լինի, սենյակները կահավորված կլինեն հեռուստացույցով, սառնարանով: Կլինի նաև մանկական սենյակ: Երկարատև տեսակցությունների համար ՔԿՀ նոր շենքն ապահովված կլինի այս պայմաններով:
Նախարարի խոսքով՝ բյուջետային սուղ միջոցները մյուս քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակը բարելավելուն ուղղելու հնարավորություն կար, սակայն. «Ապագան նման ՔԿՀ-ներինն է: Այդ պատճառով որոշեցինք միջոցներն ուղղել նոր շենքի կառուցմանը՝ հասկանալով, որ որոշակի ժամանակահատված դեռ այնտեղ խնդիրներ ունենալու ենք»:
Քրեակատարողական հիմնարկն ունի մի քանի առանձնահատկություն, մի քանի առանձին թևերից է բաղկացած լինելու, որոնք բոլորը մի միջանցքով են կապված լինելու: Նախարարը գծագրով լրագրողներին ներկայացրեց, թե շենքի որ հատվածում ինչ է տեղակայված լինելու:
ՔԿՀ շենքն ամբողջությամբ նախատեսված է 1200 հոգու համար: Մինչև եկող տարվա ամառ կկառուցվի 400 հոգու համար նախատեսված հատվածը, հենց այդ ժամանակ էլ կսկսվի շենքի շահագործումը:
«Այնուհետև հաջորդաբար կշարունակենք մյուսները»,- նշեց նախարարը:
ՔԿՀ-ի նոր շենք կտեղափոխվեն այն դատապարտյալները, որոնց համար նախատեսված է փակ տեսակի պատժախուց: Սկզբում կլինի փակ համակարգ, այնուհետև կլինեն նաև կիսափակ և կիսաբաց:
Նախարարի խոսքով՝ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ պետական բյուջեի ֆինասնավորմամբ են իրականացվում: Ըստ նրա՝ միջազգային կառույցները ձեռնպահ են մնում այս հարցում աջակցություն ցույց տալուց: Շենքի տեխնիկական անվտանգության միջոցները կապահովի ԱՄՆ դեսպանատունը:
Նոր քրեակատարողական հիմնարկի շենքի կառուցումը նախատեսվել է 2004-ին՝ դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Նախապես մշակված ծրագրով նախատեսված է եղել «Արմավիր» ՔԿՀ-ն շահագործման հանձնել 2010-ին, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով շինարարությունը ժամանակին ավարտել չի հաջողվել:
«Արմավիր» ՔԿ հիմնարկի գործարկումն արագացնելու համար շինարարական աշխատանքներն իրականացվում են երկու փուլով:
Առաջին փուլում կառուցվելու է հիմնարկի վարչական շենքը, բոլոր հաղորդուղիները, արգելագոտու պատերը, կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, երկու ռեժիմային մասնաշենքերը:
Այժմ աշխատանքները նախատեսվածից առաջ են ընկել:
Նախարարը խոստացավ շենքի բացումից առաջ ևս մեկ անգամ լրագրողներին հրավիրել ՔԿՀ:
Հեղինակ: «Փաստինֆո»