Ներկայացվեցին Հայաստանում պրոբացիոն ծառայության ձևավորման Ռազմավարական փաստաթղթի առաջին նախագիծն ու Գործողությունների պլանը

30/10/2012

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ Արդարադատության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում այսօր ներկայացվեցին Հայաստանում պրոբացիոն ծառայության ձևավորման Ռազմավարական փաստաթղթի առաջին նախագիծն ու  Գործողությունների պլանը:

Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. հաստատված ռազմավարական ծրագրի համաձայն Պրոբացիոն ծառայությունը պետք է ստեղծվի ՀՀ Արդարադատության նախարարության ներքո՝ որպես քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին քրեական արդարադատություն իրականացնող գործակալություն:

Պրոբացիոն գործողությունների նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել իրավախախտներին, նվազեցնել հանցագործությունների մակարդակը և բարձրացնել հասարակության ապահովության աստիճանը:

Այն իրավասու կլինի իրագործել ազատազրկման հետ չկապված դատավճիռները, կվերահսկի մեծահասակ և դեռահաս դատապարտյալներին ու իրավախախտներին, ներառյալ՝ կալանավայրերից պայմանական ազատվածներին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի խոսքով՝ պրոբացիան չի կարող փոխարինել քրեակատարողական համակարգին, բայց այն կարող է աջակցել քրեակատարողական համակարգի ամբողջ գործունեության արդյունավետության զգալիորեն բարձրացմանը: Նրա համոզմամբ, ծառայության ներդրմամբ հնարավորություն կլինի իջեցնել կրկնահանցագործության տոկոսը:

ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օժանդակության ծրագրի խմբի  ղեկավար Դանիել Ստոյանովը ծրագրի վերաբերյալ նույնպես նշեց, որ Պրոբացիոն ծառայությունը կպաշտպանի հասարակությունը և կնվազեցնի կրկնահանցագործությունը: «Մենք առաջարկում ենք, որպեսզի ծառայությունում լինեն երկու բաժիններ: Առաջինը կոչվի վերականգնման  և վերաինտեգրման աշխատանքների բաժին, մյուսը ազատազրկման հետ առնչվող պատժամիջոցների և խափանման միջոցների կիրառման բաժին»,-ասաց Ստոյանովը` հավելելով, որ այս բաժիններից յուրաքանչյուրը աշխատելու է ապագայում ստեղծվելիք Պրոբացիոն ծառայության համապատասխան գործառույթների կատարման ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ` ծառայության նպատակն է ՀՀ-ում պատժատեսակի կրճատումը, ինչը կնպաստի այդ ոլորտում ծախսերի քչացմանն ու հանցավորության մակարդակի իջեցմանը, դատապարտյալների վերաինտեգրմանը հասարակությունում և պատժի նպատակների առավել ճիշտ իրականացմանը: «Պրոբացիոն ծառայության գործառույթներ են դատապարտյալների սոցիալ-հոգեբանական-իրավական աշխատանքների անցկացումը, անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս դատապարտյալի վերաբերյալ եզրակացության ներկայացումը դատարանին պատժի նշանակման փուլում և անկախ հանձնաժողովին, նաեւ հետագայում այդ դատապարտյալի նկատմամբ հսկողության իրականացումը, որպեսզի նա գտնվի պայմանական վաղաժամկետ փորձաշրջանում»,- պարզաբանեց Սարգսյանը: Ծառայությունն աշխատելու է նաեւ անչափահասների հետ ևս: 

Պրոբացիոն ծառայության ստեղծումը ենթադրում է ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ մասնագիտական հմտությունների և ունակությունների վերաբերյալ դասընթացներ:

Հայաստանում ծրագիրը ներդնելու համար առաջին հերթին կարեւորվում է “Պրոբացիայի մասին”  օրենքի ընդունումը, որի վերջնական ընդունումը նախատեսվում է 2014 թվականին: