Նոտարական ծառուղի՝ Մաշտոցի պուրակում

28/10/2012

Հոկտեմբերի 28-ին Երևանի  Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի միջանկյալ հատվածում բացվեց Նոտարական ծառուղին:

Անկասկած ամենքը, ով վերջին տարիներին կամա–ակամա հայտվել էր այդ տարածքում, բարձրաձայն թե մտովի դժգոհել էր տարածքի անբարեկարգությունից, այս ու այն կողմ նետված շինարարական ու կենցաղային աղբակույտերից, փոշուց ու կեղտից: Սակայն ՀՀ նոտարական պալատի անդամները չբավարարվեցին սոսկ բարձրաձայն կամ մտովի դժգոհություններով, այլ որոշեցին սեփական նախաձեռնությամբ ու ջանքերով բարեկարգել տարածքը: Շուրջ մեկ ամիս առաջ դիմեցին քաղաքապետարան և համապատասխան թույտվությունը ստանալուց հետո, տարածքը մաքրեցին հողակույտերից ու շինարարական աղբից: Հնարավորինս բարեկարգեցին, գեղեցիկ ծառուղի հիմնեցին և տեղադրեցին հարմարավետ նստարաններ՝ նոտարական պալատի խորհրդանիշով:

Պալատը նաև ստանձնել է տարածքի հետագա մշտական խնամքի պատասխանատվությունը:

Ծառուղու բացման արարողությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը,  ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կենտրոն համայնքի ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ:

 

Ավանդույթի համաձայն, Հրայր Թովմասյանը, Կամո Արեյանը, ինչպես նաև միջոցառմանը մասնակցող հյուրերը Նոտարական ծառուղում տնկեցին անվանական ծառեր:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ Արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ հետագայում ևս իրագործելու են նմանատիպ ծրագրեր՝ սեփական համեստ ներդրումն ունենալով մայրաքաղաքի բարեկարգման ու բնապահպանական խնդիրների լուծմանը: Առաջարկեց նաև, որ, ասենք, Փաստաբանական պալատն ընդունի Նոտարական պալատի հերթափոխը և հետևի նրանց օրինակին:

Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը ևս հույս  հայտնեց, որ այս քայլը կդառնա վարակիչ և լավ օրինակ այլ գերատեսչությունների համար: