Հ. Թովմասյանը` Հայաստանի դեմ կայացրած վճիռների մասին. Փաստինֆո
01/11/2012
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` կառավարության քննարկմանը ներկայացրած ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Հ. Թովմասյանի խոսքով՝ որոշումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից չորս գործերով հունիսի 26-ին Հայաստանի դեմ կայացրած վճիռներով:
«Բոլոր չորս գործերով միասին վճարվելիք գումարը կազմում է 49, 288 եվրոյին համարժեք գումար: Վճիռներից մեկը կայացվել է 2002-ին, 2-րդը` 2003-ին, մյուս երկուսը` 2006-ին»:
Նախարարի խոսքով՝ առաջին երկուսը պայմանավորված են եղել կալանքի ժամկետներն առանց հիմնավորման երկարացնելով: 3-րդ գործը վերաբերում է դատարանի դահլիճում ճաղավանդակների առկայությանը, 4-րդը` անձին ավելի ուշ արդարացնելու հետ. «Որոշակի ժամկետով պատիժը կրելուց հետո հայտնաբերվել է իրական հանցագործը, դատապարտյալը արդարացվել է ու ազատ արձակվել»:
Ըստ նախարարի՝ 4-րդ գործը դատական սխալի արդյունք է, որից որևէ դատական համակարգ ձերբազատված չէ:
«Համապատասխան անձինք արդեն պատասխանատվության են ենթարկվել, այս ոլորտում ավելի զգոն և ուշադիր պետք է լինել»,- նշեց նախարարը: Ըստ նրա` ճաղավանդակները հանված են, կալանքի հետ կապված դիրքորոշումները փոխվել են: Այս որոշումներից բխող օրենսդրական որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա: