Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը արդարադատության ոլորտի ամենաակնառու ձեռքբերումն է. Panarmenian.net

07/11/2012

ԵՄ աջակցությամբ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գլխավոր նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Այդ բարեփոխումներից ամենաակնառուն ոլորտի պատասխանատուները համարում են էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը: Եթե նախկինում Պետական ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելու համար պահանջվում էր մոտ 10 օր,ապա այժմ դա կարելի է անել ընդամենը 9 րոպեում: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Արդարատադության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, բարեփոխումների ծրագրով փորձում են թվայնացնել ամեն ինչ՝ իրավաբանական անձանց գրանցումից մինչ քաղաքացիական կացության ակտերի գրանցում և այլն: «Այս ամենի նպատակն է, որ նախևառաջ քաղաքացու համար առավել հեշտ լինի ստանալ այն «ծառայությունները», որ մատուցում է պետությունը, և այստեղ հնարավորինս նվազեցվի կոռուպցիայի ռիսկը: Պետք է հաշվի առնել, որ բարեփոխումների այս գործընթացը դեռ ընթացքի մեջ է և դեռ աշխատանքներ են տարվում»,-նկատեց փոխնախարարը: Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ ցանկացած գործընթաց հանդիպում է նաև խոչընդոտների և ամեն բան միշտ չէ, որ սահուն է գնում: Նա ընդգծեց, որ ի հայտ եկող բոլոր խնդիրները, ինչպես նաև ստացված բողոքները ներքին կարգով հարթվում են: