ՀՀ արդարադատության նախարարի առաջին պաշտոնական այցը ԻԻՀ

13/11/2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 10-ից երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի նպատակը դատապարտյալների փոխանցման մասին երկկողմ համաձայնագիր  ստորագրելն էր: Համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության և ԻԻՀ արդարադատության նախարարների միջև:

 

Հայաստանի անկախ Հանրապետության արդարադատության նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով մեկնում  Իրանի Իսլամական Հանհրապետություն: Եվ ինչպես նշվել է արդարադատության երկու նախարարների հանդիպման ընթացքում, առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում կողմերի միջև:

 ԹԵև հիշեցնենք, որ 2011 թվականին  Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ, երկու փուլով ՀՀ  ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի դատապարտյալներ են փոխանցվել ԻԻՀ այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու պայմանով: Եվ մինչև համաձայնագիրը ստորագրելը նախարար Հրայր Թովմասյանը  հանձնարարել էր նախապատրաստել ևս 11 իրանցի դատապարտյալների փոխանցումը  ԻԻՀ:

 

ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  հանդիպել է նաև ԻԻՀ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի և Դատական իշխանության ղեկավար Սադեք Լարիջանիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են  երկկողմ իրավական օգնության և դատապարտյալների փոխանցմանը վերաբերող հարցեր: ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց  գոհունակությունն են   հայտնել Հայաստանի Հանրապետության  հետ իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությալ վերաբերյալ, և երկուստեք վստահություն հայտնել, որ էլ ավելի է խորացվելու այդ ոլորտում համագործակցությունը:

Այցի շրջանակներում արդարադատության  նախարար Հրայր Թովմասյանը և պատվիրակության անդամներն  այցելել են  նաև Թեհրանի անչափահասների ուղղման և վերականգնման կենտրոն քրեակատարողական հիմնարկ,  ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին:  

 

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական  Նիկոլայ Առուստամյանը: