Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը շախմատ խաղացին բանտարկյալների հետ. News.am

21/11/2012

Էրեբունի քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 21-ին օլիմպիական եռակի չեմպիոն Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը միաժամանակյա շախմատային սեանս են անցկացրել Հայաստանի տարբեր կալանավայրերի 16 բանտարկյալների հետ:

Մրցաշարի մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով, իսկ երեք լավագույն խաղացողները հնարավորություն կստանան մեկ անգամ առանձին հանդիպել հարազատների հետ։ Հարություն Դանիելյանը (Վարդաշեն), Երեմ Առաքելյանը (Կոշ), Շիրակ Միրզոյանը (Էրեբունի) գեղեցիկ եւ տպավորիչ պարտիաներ անցկացնելու համար արժանացան մրցանակների։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նրանց հանձնեց Լեւոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնյանի հեղինակած գիրքը։ Բանտարկյալներն էլ իրենց հերթին նվերներ հանձնեցին գրոսմայստերներին։

Հրայր Թովմասյանը նշեց, որ միշտ հետեւում է շախմատային իրադարձություններին եւ հպարտ է, որ Հայաստանն ունի Լեւոն Արոնյանի ու Սերգեյ Մովսեսյանի պես շախմատիստներ։ 

Քրեակատարողական, սոցիալական, հոգեբանական եւ իրավական վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ կալանավայրերում հաճախ են անցկացվում ֆուտբոլի, վոլեյբոլի եւ շախմատի մրցաշարեր։ Բանտարկյալներին դասավանդվում են նաեւ օտար լեզուներ:

Սեանսից հետո Լեւոն Արոնյանը նշեց. «Զգցացվում է, որ տղաների մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան: Նրանք չեն զբաղվել շախմատով, բայց բավական լավ են խաղում: Կյանքն այնպիսի բան է, որ յուրաքանչյուրը կարող է հայտնվել ծանր իրավիճակում: Ես ուրախ եմ, որ ինչ-որ բանով կարողանում եմ օգնել եւ ուրախացնել այս տղաներիին»։

Սերգեյ Մովսիսյանը նշեց. «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա մասնակցել այս միջոցառմանը: Առաջին անգամ է, երբ բանտարկյալների հետ եմ շախմատ խաղում»։

Հարցին, թե լինում է, երբ հերթական քայլից առաջ տեսնում են, որ ձեր թագավորը տեղում չէ, Մովսիսյանը պատասխանեց. «Դեռ չի եղել, բայց գուցե կլինի, այդ իսկ պատճառով Լեւոնի հետ երկուսով ենք եկել, որ հսկենք թագավորին»։