Հրապարակվել է ԵԽ անդամ պետությունների դատական համակարգերի գնահատման 2010-2012 թվականների զեկույցը

26/11/2012

Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակվել է ԵԽ արդարադատության  արդյունավետության հարցերով եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կազմած  ԵԽ անդամ պետությունների դատական համակարգերի գնահատման 2010-2012թթ զեկույցը` մաս առաջին, մաս երկրորդ և մաս երրորդ: Վերջինը ներկայացվել էր սեպտեմբերի 20-ին Վիեննայում տեղի ունեցած ԵԽ 47 անդամ պետությունների արդարադատության նախարարների հանդիպման ժամանակ:

Զեկույցում ներառված են ԵԽ արդարադատության  արդյունավետության հարցերով եվրոպական հանձնաժողովի կողմից  իրավասու մարմիններին նախօրոք ուղարկված հարցաշարերի պատասխանների վրա հիմնված տեղեկություններ 47 պետությունների դատական համակարգերի վիճակի մասին: Այն, մասնավորապես, իր մեջ ներառում է տեղեկատվություն դատական համակարգի կազմակերպման, իրավական օգնության, դատարան դիմողների և տուժածների, դատավորների և դատախազների կարիերայի, դատական ակտերի հարկադիր կատարման, դատական թարգմանիչների, նոտարների, ինչպես նաև հետագա բարեփոխումների մասին:

  ՀՀ արդարադատության նախարարությունն ապահովել է զեկույցի տարածումը շահագրգիռ մարմինների ու անձանց միջև` ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ փաստաբանների պալատ: