Միջազգային համաժողով` «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով
05/12/2012

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը և Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակը ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ և «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, և իրականցնում է Եվրոպայի Խորհուրդը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
- մեդիացիայի օրենսդրական և կիրառական խնդիրները ՀՀ-ում,
- «Մեդիացիայի մասին» օրենքի նախագծի և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ներկայացումը և քննարկումը,
- մեդիացիայի վերաբերյալ միջազգային փորձի ներկայացումը
Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ է երրորդ անկողմնակալ և չեզոք կողմի՝ մեդիատորի մասնակցությամբ, որն օգնում է վեճի շրջանակներում ներգրավված և մեդիացիայում կամավոր մասնակցող կողմերին մշակելու վեճի լուծման փոխադարձաբար ընդունելի համաձայնություն:
Մեդիացիան՝ որպես կողմերի կարգավորման մեթոդ, ճանաչված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Կարգավորման այս մեթոդը վեճերի լուծման բավականին հին գործիք է, սակայն ներկայիս տեսքով այն առաջացել է քսաներորդ դարի երկրորդ կեսին: Ի սկզբանե մեդիացիայի հիմքերը դրվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, ավելի ուշ նաև եվրոպական մի շարք երկրներում:
Հայաստանում՝ մեդիացիայն որպես իրավական ինստիտուտ դեռևս գոյություն չունի, չկա մեթոդը կարգավորող համապատասխան օրենք, սակայն ՀՀ գործող օրենսդրությունում առկա են մեդիացիայի վերաբերյալ իրավական նորմերի յորահատուկ կիրառման դեպքեր:
Այսօրվա քննարկման նպատակն էր խթանել և նպաստել նշված մեթոդի զարգացմանն ու հետագայում նաև համապատասխան օրենսդրության մշակմանը:
Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ միջոցառումների ծրագրում նույնպես որոշակի նշանակություն է տրվել վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, մասնավորապես՝ մեդիացիային: «Սա դատական իշխանության բեռնաթափման ուղղված գործողություններից մեկն է, սրան զուգահեռ պետք է զարգանան այլընտրանքային վեճերի լուծման այլ մեթոդներ, ինչը կհանգեցնի վեճերի արդյունավետ լուծման, ռեսուրսների խնայողության»- ասաց արդարադատության փոխնախարարը :
Հայաստանում այսօր մասնավոր մեդիացիա է իրականացնում ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը: Այս ընկերությունը մեդիացիայի ոլորտում մասնագիտացած հայաստանյան միակ մասնագիտացած կազմակերպությունն է, որը նաև ակտիվորեն մասնակցում է օրենքի մշակման գործընթացին: