«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի 5 ամյա գործունեության ընթացքում կազմակերպվել են երկու տասնյակ ցուցահանդեսներ
05/12/2012
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ստեղծվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ արդեն 2007 թվականի հոկտեմբերից սկսել է գործել, սկզբում ՀՀ մշակույթի նախարարության, իսկ 2012 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո: Կենտրոնի առաքելությունն է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անչափահասների շրջանում արվեստի տարբեր ճյուղերի, այդ թվում՝ ավանդական արվեստի ուսուցում կազմակերպելը:
Կենտրոնն իր մտահղացմամբ և շահառուներով աննախադեպ երևույթ է: Ազատազրկված իրավախախտների հետ աշխատում են բարձրակարգ մանկավարժներ, հանրապետությունում ճանաչված մասնագետներ, ժողովրդական վարպետներ: Էնտուզիաստ մասնագետների ջանքերի և մշակույթին հաղորդակցվելու շնորհիվ անչափահաս իրավախախտները հնարավորինս դուրս են բերվում հոգեբանական մեկուսացումից: Մասնագետներն աջակցում են, որպեսզի խաթարված ճակատագրով մարդիկ իրենց լքված չզգան, չկորցնեն հավատը բարության, մարդկայնության և արդարության հանդեպ: Ամեն ինչ արվում է կանխարգելելու ապագայում՝ հանցագործ աշխարհ նրանց վերադարձի և նոր իրավախախտումներ կատարելու հնարավորությունը: Նպաստում են, որ ազատություն ստանալուց հետո նրանք առանց չարանալու և առանց վրեժխնդրության հասարակությանը վերաինտեգրվեն:
Կենտրոնի ուսումնական գործունեությունը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, որոնք նախապես համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ: Ուսումնական պարապմունքներն էլ անցկացվում են ինչպես խմբերով, այնպես էլ ուսուցման անհատական մեթոդով:
Կենտրոնի կանոնադրական խնդիրներն ու ծրագրերն ընդհանրապես բավականին ընդարձակ են, սակայն, ցավոք, շենքային ոչ բավարար պայմանների, ինչպես նաև նյութատեխնիկական սուղ հնարավորությունների պատճառով առայժմ հնարավոր չէ ընդլայնել գործունեությունը: «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայումս գործում են միայն փայտի գեղարվեստական փորագրության և խեցեգործության խմբեր:
Ի դեպ կենտրոնի գործունեությունը և նրա սաների աշխատանքները լայնորեն լուսաբանվել են ինչպես Հայաստանի, այնպես արտասահմանյան մի շարք երկրների մամուլում: Հնգամյա գործունեության ընթացքում կենտրոնի սաների աշխատանքները ցուցադրվել են ժողստեղծագործության պետական թանգարանում և մայրաքաղաքի այլ ցուցասրահներում: Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 20 ցուցահանդես:
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» տնօրեն Թեմիկ Խալափյանը նշեց, որ նպատակ և ծրագիր ունեն, ազատազրկված անչափահասների ուսուցումը շարունակել նաև, երբ վերջիններս ազատության մեջ կլինեն, սակայն առայժմ այս ծրագիրը հնարավոր չէ իրականացնել, շենքի պայմանների սահմանափակության պատճառով: Այնինչ ակնհայտ է, որ նման ծրագիրն անչափահասներին հեռու կպահի հանցագործ աշխարհից, և հնարավորություն կտա խուսափելու կրկնահանցագործ դառնալու դառը ճակատագրից: