Հրայր Թովմասյանն ընդունել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային
14/12/2012
ԱՄՆ դեսպանատան` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված նախաձեռնությունների շրջանակում Հայաստանում գտնվող Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան և նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին մարդու իրավունքներին, Հայաստանում անկախ դատական իշխանության ստաղծմանը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի ուղերձները դրույթներ էին պարունակում նաև Հայաստանում կոռուպցիոն երևույթների առկայության և հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ անվստահության վերաբերյալ: Միևնույն ժամանակ Թոմաս Մելիան գոհունակությամբ նշեց, որ առկա խնդիրների լուծումը վստահվել է խելացի մասնագետների:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իրավական պետության և ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացները՝ ընդգծելով նաև, որ երկրում բյուրոկրատիզմն և կոռուպցիան դեռ կենսունակ են և, պատկերավոր ասած, պետական քաղցկեղի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կիրառել «բուժման բոլոր մեթոդները՝ վիրահատականից մինչև քիմիաթերապիա և ֆիզիոթերապիա»:
«Այս խնդիրները հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում են և նա իր բոլոր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ընդգծում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը», - ասաց նախարար Թովմասյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը նշեց նաև, որ որոշակի գործնական քայլեր կատարվել են, սակայն դրանք դեռևս բավարար չեն առկա խնդիրները լուծելու համար: Մասնավորապես՝ դատական իշխանությունը շարունակում է մնալ ամենախոցելին:
«Արդեն հաստատվել է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի արդյունավետ կիրառումը ոչ միայն իմ, այլև քաղաքական իշխանության պատվի խնդիրն է»,- նշեց արդարադատության նախարարն, ընդգծելով, որ ոլորանից այն կողմ ուրվագծվում է այն դատական համակարգը, որը կունենանք ծրագիրն իրականացնելուց հետո: «Այս ամենը իրականացնելու ճանապարհին կա իհարկե բավականին մեծ դիմադրություն, հին և նոր մտածողությունների պայքար, սակայն ես հավատում եմ, որ բարեփոխումները ոչ միայն հնարավոր են, այլև անխուսափելի: Մենք պարտավոր ենք դրանք իրականացնել: Դա անհրաժեշտ է մեր երկրին», - իր խոսքում շեշտեց Հրայր Թովմասյանը:
Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Քեթրին Նյուքոմբը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռուբեն Մելիքյանը և Եղիշե Կիրակոսյանը: