Հայաստանում կստեղծվի նոր հատուկ ծառայություն. Lragir.am

20/12/2012

 Հայաստանում կստեղծվի հատուկ ծառայություն, որը հսկողություն կսահմանի այլընտրանքային պատժատեսակների մասով: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մինչ այս Հայաստանում չկար մի կազմակերպություն, որը կզբաղվեր ոչ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանցով և այն մարդկանցով, ովքեր ազատազրկման վայրերից դուրս են եկել:

  «Ստացվում է հետևյալ վիճակը՝ անձը ազատվելով, կարծես թե պետությունը ձեռքերը լվանում է և մի կողմ է կանգնում: Սա իր հերթին հանգեցնում է և կրկնահանցագործության. այդ մարդիկ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից՝ որպես կանոն աշխատանք չեն գտնում, կորցրած են լինում իրենց մասնագիտական ունակությունները, որոշ դեպքերում նաև ունենում ենք քայքայված ընտանիք, և սա հանգեցնում է նրան, որ մարդիկ նորից հայտնվում են քրեակատորաողական հիմնարկում: Այսինքն՝ այս մարդկանց մասնագիտական ունակությունների ձեռք բերումը, վերաինտեգրումը հասարակությանը պետք է լինի այս ծառայության գլխավոր նպատակը»,- ասաց Հրայր Թովմասյանը:

  Նրա խոսքով՝ հաջորդ տարվանից արդեն պատրաստ կլինի օրենսդրությունը, որի հիման վրա կգործի ծառայությունը: Հրայր Թովմասյանը նաև ընդգծեց, որ այլընտրանքային պատժատեսակների մասով նույնպես պետք է հսկողություն իրականացի այս ծառայությունը, ինչին մինչ այժմ Հայաստանում ֆիլմերի միջոցով ենք ծանոթացել: