Հրայր Թովմասյանն ընդունեց Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարին
25/12/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար՝ Սոզար Սուբարի գլխավորած պատվիրակությանը:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած վրաց նախարարին և պատվիրակության անդամներին հետաքրքում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում առկա պայմանները, ինչ խնդիրներ կան և ինչպիսի լուծումներ են դրանց տրվում:
Հյուրերի խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը նախ պարզաբանեց, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այսօր ամենակարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիրը գերծանրաբեռնվածությունն է, ապա նաև Խորհրդային տարիներից որպես ժառանգություն մնացած քրեակատարողական հիմնարկների կազարմային կառուցվածքը, որոնք այսօր չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
ՀՀ արդարադատության նախարարը նաև ներկայացրեց այդ խնդիրների լուծման տարբերակները, մասնավորապես նոր տիպի քրեակատարողական հիմնարկների կառուցում, նշելով, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց շենքի շինարարությունն արդեն 2014-ի աշնանը կավարտվի: 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում արդեն սկսվել են օրենսդրական բարեփոխումները, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ևս աշխատանքներ են կատարվում և այս համալիր գործողությունները կնպաստեն գերծանրաբեռնվածության խնդրի լուծմանը: Նախարար Թովմասյանը փոխանցեց նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ջանքերով այսօր քրեակատարողական հիմնարկներում ավելի քան 300 դատապարտյալ ապահովված է աշխատանքով, մասնագիտական կրթություն են ստանում, բայց եղածով իհարկե չեն բավարարվելու և հաջորդ տարի աշխատողների թիվը առնվազն կրկնապատկվելու է:
Կողմերի զրույցի ընթացքում պարզվեց, որ երկու երկրների քրեակատարողական համակարգերում նույն խնդիրներն են առկա, միայն թե Վրաստանում դրանք ավելի սուր են:
Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարին, ով նախկինում երկրի օմբուդսմանն է եղել, փոխանցեց, որ իրենք 17 քրեակատարողական հիմնարկ ունեն, որտեղ պահվում է անազատության մեջ գտնվող 24 հազար մարդ:
Դեռևս լուծված չեն դատապարտյալների զբաղվածության, կրթություն ստանալու խնդիրները: Ընդհանրապես որևէ դատապարտյալ աշխատանքով կամ որևէ զբաղմունքով ապահովված չէ, թեև կարի արտադրամաս ստեղծելու ծրագիր կա արդեն: «Վրաստանում դատապարտյալները կրթություն ստանալու հնարավորություն էլ չունեն»,- ասաց Սոզար Սուբարին:
Վրաստանում էլ դատապարտյալներն իրենց բողոքները հաճախ ինքնախեղումների միջոցով են բարձրաձայնում: «Գրեթե ամեն օր 20-25 ինքնախեղման դեպք է արձանագրվում»,-փոխանցեց վրաց նախարարը` շարունակելով. «Մահվան դեպքերն էլ քիչ չեն. 2011-ին 144 մարդ, նույնքան նաև 2010-ին»:
Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջին աշխատավարձն ավելի բարձր է, ներդրված է պրոբացիոն ծառայությունը, գործում է՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայողների վերապատրաստման կենտրոն:
Բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին հաջորդ տարվա ընթացքում հայ մասնագետների Վրաստան կատարելիք այցի վերաբերյալ, ովքեր կծանոթանան կադրերի վերապատրաստման վրացական փորձին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը և այլք: