Հրայր Թովմասյանի ընտանիքի Ձմեռ պապը առաջին հարկի հարևանն է. Hayeli.am

27/12/2012

 Hayeli.am-ի 2012-ն ամփոփող բլից հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:

 

2012-ի՝ Ձեր իրականացված և չիրականացված երազանքը:

Ես երազանքներ չունեմ, ես ունեմ նպատակներ: Իսկ նպատակներն ու դրանցով պայմանավորված ծրագրերն ամբողջությամբ կարող եմ հաջողված համարել:

 

Այդ դեպքում խոսենք ձեռբերումների ու բացթողումների մասին, որո՞նք են դրանք: 

Որպես ձեքբերում կարող եմ նշել դատաիրավական բարեփոխումների ծրագրի հաստատումը ու դրանցով պայմանավորված միջոցառումների իրականացումը: Շատ հավակնոտ ծրագրեր ունենք քրեակատարողական հիմնարկների ու պետական  ռեգիստրի ու նոտարիատի համակարգերի հետ կապված: Թեպետ նոտարական համակարգում որոշ դրական փոփոխություններ արդեն եղել են: Ես ձեռքբերում եմ համարում նաև նախարարության աշխատակազմի համար կատարված բարեփոխումները:

 

 Ի՞նչ բարեփոխումներ եք կատարել նախարարության աշխատակազմում:

Արդարադատության նախարարությունը մի կառույց է, որտեղ յուրաքանչյուր ամիս գրեթե բոլորը ստանում են առնվազն 50 տոկոս պարգևատրում: Ձևավորվել են նաև մի քանի լավ ավանդույթներ՝ ով ամուսնանում է, ստանում է 200-ից 250 հազար լրացուցիչ գումար, երեխա ունենալու պարագայում՝ 150 հազար դրամ:

 

Եթե գաղտնիք չէ, որտեղի՞ց այդ միջոցները:

Դրանք գոյանում են մեր խնայողությունների հաշվին: Այդ ամենը օրինական ձևակերպված, հավելավճարներ են, որևէ մեկը դա մեզ չի նվիրում, այդ նպատակով մենք բյուջեից լրացուցիչ գումարներ չենք ստանում: Ասեմ, որ ավելի առաջ գնացող ծրագրեր էլ ունենք: Նախարարության այն աշխատակիցը, ով հաճախում է մարզասրահ, որպես հատուցում կստանա այդ ծառայության արժեքի 60-70 տոկոսը: Կազմակերպում ենք անգլերենի ուսուցման կուրսեր: Հուսով եմ, որ գալիք տարի 2 կամ 3 ավտոբուս կգնենք՝ աշխատակիցներին տնից աշխատավայր և հակառակը տեղափոխելու  համար: Իսկ 2015-ի սկզբին կունենանք արդարադատության նախարարության մանկապարտեզը՝ նախատեսված նախարարության աշխատակիցների երեխաների համար: 2015-ին կունենանք նաև հանգստյան տուն՝ մեր աշխատողների համար, ովքեր քաղաքացիական ծառայողներ են:

 

 Փաստորեն, Հայաստանում նույնպես այդպիսի բաներ հնարավոր են:

Իհարկե հնարավոր են, եթե ինձ չեք հավատում, կարող եք նախարարության աշխատողներին հարցնել:

 

Իսկ կառավարության՝ Ձեր մյուս գործընկերների մոտ չե՞ք փորձում լոբբինգ անել:

Մի քանիսի մոտ արել եմ:

 

 Որո՞նք են եղել բացթողումները:

Բացթողումները որոշելու լիազորությունը լրագրողներինն է, ինքներդ որոշեք:

 

Լավ,/ես և նախարարը ծիծաղում ենք-խմբ./ Նոր տարին նաև սեղանային տոն է. Ձեր սիրած՝ Նոր տարվա կենացն ու ուտեստը:

Ես ընդհանրապես Ամանորը չեմ սիրում: Ընդհանրապես մեր հայկական տոները պետք է վերանայել: Ցավոք սրտի, մեր տոները կամ ուտելու տոն են կամ, ներողություն եմ խնդրում, գերեզմանատուն գնալու: Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր պետականության անկախության տոնը պետք է ավելի մեծ շուքով նշել, քան թե Նոր տարին:  Ընդյհանրապես պետք է բարձրացնել ազգային տոների արժեքը՝ լինի դա Առաջին հանրապետության տոնը, Սահմանդրության օրը, թե մեկ այլ տոն, պետք է նշել մեծ շուքով, որ դրանք իսկապես ազգային տոն դառնան: Դե, իսկ Նոր տարին, ինչպես բոլորը, ես նույնպես ստիպված եմ հյուր գնալ, ասել. <Շնորհավոր Նոր տարի, առողջություն, երջանկություն, հաջողություն, թող իղձերի իրականացման տարի լինի, ինչ որ վատ բան կա, մնա հին տարում, Նոր տարում միայն լավ բաներ լինեն>: Այսինքն՝ ստանդարտ, սովորական կենացներ: Իհարկե, ես ունեմ իմ յուրահատուկ կենացները, որոնց մասին չէի ցանկանա բարձրաձայնել:

 

Գաղտնի՞ք են:

Այո՛:

 

Իսկ սիրած ուտեստը ո՞րն է:

Բայց Նոր տարվա օրը քեզ ո՞վ է հարցնում՝ ի՞նչ ես ուզում ուտել որ, ինչ տալիս են, այն էլ ուտում ես: Որպես կանոն, բոլորի տունն էլ նույն բաներն են լինում, այնպես որ այդ օրը ընտրության հնարավորությունը մեծ չէ, նախասիրություններդ ստիպված ես քեզ պահել:

 

 Եթե Ձմեռ պապ դառնալու հնարավորություն ունենայիք, ինչ կնվիրեիք ինքներդ Ձեզ, Ձեր մտերիմներին, հարազատներին, բարեկամներին ու թշնամիներին:

Ինձ կնվիրեի մի քիչ ժամանակ, որովհետև ինքս ինձանով զբաղվելու համար ժամանակ չի լինում: Ընկերներիս նույնպես կնվիրեի ժամանակ, որ ինձ հետ միասին մի քիչ ավելի երկար ժամանակ անցկացնեին: Իսկ հարազտներիս կհարցնեի՝ ի՞նչ են ուզում, դա էլ կնվիրեի: Իսկ թշնամիներին կնվիրեի ողջախոհություն, որպեսզի հասկանային, որ թշնամանքը լավ զգացում չէ: Ասեմ, որ ես անձնական թշնամիներ չունեմ, չէի առանձնացնի նաև ինչ-որ էնիկ խմբի: Ընդհանրապես թշնամանքը լավ խորհրդական չէ: Իսկ մեր ժողովրդին ու հասարակությանը կմաղթեի արդարություն: Ես կուզենայի, որ մարդիկ գալիք տարում ունենան այդ արդարության զգացողությունը:

 

Ձմեռ պապին հավատո՞ւմ եք:

Ո՛չ,  չեմ հավատւմ: 3 տարեկանից չեմ հավատեցել Ձմեռ պապիկին:

 

Դե եթե 3 տարեկանից չեք հավատացել, ուրեմն Ձմեռ պապին նամակ էլ չեք գրել :

Իհարկե չեմ գրել, ես գիշերը հետևում էի ծնողներիս, թե ինչպես են խաղալիքները տեղավորում բարձիս տակ կամ մեկ այլ տեղ:

 

Հիմա Ձեր երեխաները նույնպե՞ս  նամակ չեն գրում Ձմեռ պապին:

Դե, տղաս ասում է՝ ինչ է ուզում, ես առնում եմ: Նամակ մեկ-մեկ գրում է, բայց գիտի, որ ես եմ Ձմեռ պապի անունից նվերներ առնում:

 

Ամեն դեպքում, Ձմեռ պապը գալո՞ւ է  Ձեր տուն:

Մենք ապրում ենք բազմաբնակարան շենքում, մեր առաջին հարկում ապրող պապիկը նաև դերասան է: Նա ամեն տարի դառնում է Ձմեռ պապ և գալիս է և՛ մեր տուն, և՛ մյուս հարևանների տուն: Մենք հատուկ չենք հրավիրում, բայց ինքը գալիս է: