Ես դաստիարակված, խելոք երեխա եմ եղել, Ձմեռ պապի մորուքից չեմ քաշել. Հրայր Թովմասյան. news.am

02/01/2013

  NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:

 

  Ինչպե՞ս կգնահատեք ձեր եւ ձեր կառույցի աշխատանքը 2012թ: Դուք գո՞հ եք Ձեր ղեկավարած գերատեսչության եւ անձամբ Ձեր կատարած աշխատանքից:

Կարծում եմ յուրաքանչյուր ղեկավարի համար ոչ այնքան իր գնահատականներն են կարեւոր, որքան  հասարակության: Հասարակությունը պետք է տա կատարված աշխատանքների գնահատականները: Իհարկե ոլորտն այնպիսին է, որ կատարված շատ քայլեր առաջին հայացքից դեռեւս տեսանելի չեն լայն հանրության համար, բայց դրանք տեսանելի են ինձ եւ այն մարդկանց համար, ովքեր իրականացնում են այդ աշխատանքները:

Իսկ ընդհանրապես,  ցանկացած բնագավառի ղեկավար, երբ 100 տոկոսով գոհ է լինում  կատարված աշխատանքից եւ նոր խնդիրներ չի դնում, նշանակում է ամեն ինչ արված է եւ ուրեմն պետք է մեկ այլ ոլորտում փորձել ուժերը: Մինչդեռ, համոզված եմ, որ արդարադատության համակարգում անելիքներ դեռ շատ կան:

 

  Ի՞նչ բացթողումներ են եղել 2012թ, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեիք:

Բացթողումների մասին թող ընդդիմախոսները խոսեն, ես կանդրադառնամ ձեռքբերումներին:  Առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ օրենքներ են ընդունվել ինչ կարգեր են սահմանվել կամ էլ ինչ վատ երեւույթներից ենք ձերբազատվել, ուզում են ընդգծել մի կարեւոր հանգամանք: 2012-ին ամրապնդվեց մի կարեւոր գաղափար, որ առանց արդարության եւ արդարադատության խնդիրների լուծման հնարավոր չէ երկրի զարգացումը: Այդ առումով կարող եմ վստահաբար ասել, որ կա հանրային լայն կոնսենսունս: Այս տեսակետի կողմնակիցներն են թե հասարական սեկտորը, թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը: Սա հենց առկա խնդիրները լուծելու գլխավոր նախապայմաններից մեկն է, եւ  2012-ն, իմ գնահատմամբ, այս գաղափարի,  պատկերավոր ասած, ցեմենտավորման, այս գաղափարն  անվերապահորեն ընդունելու տարի էր:

 

  Իսկ որո՞նք են  2013թ առաջնահերթ անելիքները:

Հաջորդ տարվա առաջնահերթ անելիքներից մեկը հանրության մեջ արդարության զգացողության մեծացումն է, եթե նախկինում ոլորտում առկա խնդիրների լուծման չափորոշիչներ էինք համարում ընդունված օրենքները կամ կառուցված եւ բարեկարգված դատարանների շենքերն էին, ապա հիմա պետք է այլ չափորոշիչներ սահմանենք, մասնավորապես, որքանով է ավելացել արդարության հանդեպ ունեցած վստահության, զգացողության ինդիկատորը: Մենք հիմա մշակում մենք այդ ինդիկատորի չափման մեխանիզմները:

 

  Իրավապահ մարմինները նախորդ տարի առանձնակի ուշադրության կենտրոնում էին, բազմաթիվ քննադատություններ հնչեցին թե երկրի բարձրագույն ղեկավարության, թե լրատվամիջոցների կողմից: Արդարացի՞ էին այդ քննադատությունները:

Բնականաբար արդարացի էին, որովհետեւ սա այն ոլորտն է, որի վերաբերյալ քննադատություն մենք դեռ տեւական ժամանակ լսելու ենք եւ  քանի որ հանրության օբյեկտիվ պահանջները եւ  սպասումներն այս համակարգից ավելի շատ են, ուստի հնչող քննադատությունները եւ դժգոհությունները  որոշ բացառություններով տեղին են: Եվ եթե իրականացվող աշխատանքների, բարեփոխումների  տեմպերը գուցե եւ բավարար, անգամ գերազանց կարող էին համարվել այն երկրների համար, որոնք չունեն փակ սահմաններ, չկան այնպիսի մարտահրավերներ ինչպիսիք մենք ունենք, չկա դեռեւս չավարտված պատերազմական վիճակ,  ապա մեր երկրի համար այդ տեմպերն ու բարեփոխումները  չեն կարող բավարար համարվել: Այս ոլորտում հիմա թռիչքաձեւ զարգացումներ են անհրաժեշտ: Ոստիկանական համակարգում աշխատանքները սկսել են  եւ հանրության համար փոփոխությունները տեսանելի են:  Դատական իշխանությունում,  որքան էլ քննադատաբար վերաբերենք, այդուհանդերձ դրական միտումներ կան եւ, կարծում եմ, հանրությունը դա զգում է: Մյուս ոլորտներում բարեփոխումները եւս պետք է շարունակվեն:

Իսկ 2012-2016 թթ իրավական եւ դատական բարեփոխումների ծրագրի արդյունավետ իրականացումը կհանգեցնի այս ոլորտում առկա թերությունների համապարփակ լուծմանը: Այդ ծրագրի իրականացումը, կարծում եմ, մեր պատվի խնդիրն է:

Իհարկե,  դա չի նշանակում, որ դատաիրավական համակարգում խնդիրներն իսպառ վերացվելու են, որովհետեւ աշխարհում չկա մի երկիր, որտեղ այս համակարգի հետ կապված խնդիրներ չլինեն:

 

  Անցած տարին, առհասարակ, ի՞նչ լավ եւ վատ էպիզոդներով մնաց Ձեր հիշողության մեջ, ինքներդ էլ մի քանի անգամ «փոքրիկ սկանդալների» մեջ հայտնվեցիք:

Դժվար է գտնել ակտիվ աշխատող այնպիսի նախարարի, ով «փոքրիկ սկանդալների» մեջ չի հայտնում: Սա, կարծում եմ, բնական է ցանկացած հրապարակային կամ քաղաքական գործունեություն իրականացնող մարդու համար: Մի դեպքում քեզ կարող են սխալ ընկալել, մեկ այլ դեպքում հնարավոր է, որ քո արտահայտած միտքը պարզ կամ հստակ չի եղել լսողի համար: Ոչ միշտ է, որ քաղաքական կամ հանրային գործիչը ընկերներով եւ բարեկամներով է շրջապատված լինում, որպեսզի քեզ ճիշտ հասկանան: Այս երեւույթները վաղուց եղել են:  Իսկ տարին, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում: Անցկացվեցին անկախության ողջ ընթացքում լավագույն ընտրությունները: Եղավ խաղաղ ընթացք դեպի պետականաշինության նոր աստիճան: Այս առումով հետընթաց, որեւէ ոլորտում, չի արձանագրվել:  Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ մենք ունենք լավ ցուցանիշներ, բայց դա դեռեւս գոհացնող չէ: Բարելավվել է գործարար միջավայրը: Սրանք իհարկե  ուրախացնող հաջողություններ են:  Բայց անելիքներ դեռ շատ կան, թե  կառավարության ծրագիրը, թե ՀՀԿ համագումարում Հանրապետության նախագահի հնչեցրած ծրագրային դրույթները դրանք նոր հորիզոններ են մեր վաղվա օրվա, վաղվա Հայրենիքի վերաբերյալ, որին պետք է ձգտի հասնել մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից թե որ դաշտից է իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակարություն:

 

  Հաջորդ հարցն էլ Ամանորի վերաբերյալ: Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից` Նվե՞ր, Ձյունանո՞ւշ, թե՞ «սենց էլ մնանք, լավ է»:

Ժողովուրդն ասում  է, երբեք ուրիշից մի խնդրի մի բան, որն ինքդ կարող ես կատարել, իսկ այն ինչ ես եմ երազում, որեւէ Ձմեռ Պապ չի կարող նվիրել: Դա ավելի հզոր հայրենիք ունենալն է, առկա խնդիրների լուծումն է, ղարաբաղյան խնդրի  հայանպաստ կարգավորումն է, ավելի հզոր բանակ ունենալը, ավելի կայուն եւ կայացած արդարադատության  համակարգ ունենալը: Ցավոք սրտի, Ձմեռ պապիկները նման նվերներ չեն տալիս, ուստի յուրաքանչյուրիս համար մենք ենք մեր Ձմեռ պապը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր պետության վաղվա օրը մեր ձեռքում է  եւ ոչ մի Ձմեռ պապի, ոչ մի եվրոպացի կամ ամերիկացի բարեկամ կամ գործընկեր մեր փոխարեն մեր գործը չի կատարելու, նրանք կարող են միայն  աջակցել, բայց մեր երկրի կառուցողները մենք ենք լինելու:

Ձմեռ պապիկները երեխաների համար են հրաշագործներ, երեխաների ուրախությունն են:

 

  Ինչքա՞ն է կազմել Ամանորի ձեր ծախսը, ի՞նչ եք սիրում ուտել Ամանորին, որքանո՞վ եք մասնակցում նախապատրաստական աշխատանքներին` երեխաների համար Ձմեռ պապիկ խաղալ, գնումներ կատարել, խորոված անել, եւ այլն:

Մինչեւ նախարար դառնալը Ամանորի գնումները ես էի կատարում, հիմա արդեն այդ բեռը կնոջս ուսերին է: Չգիտեմ լավ է, թե վատ, բայց ինչ-որ գնումներ կատարելիս չեմ առանձնացնում, թե ինչի համար որքան պետք է ծախսեմ: Գնումներ կատարում եմ  ըստ անհրաժեշտության, ճոխության հետեւից չեմ ընկնում: Եվ ընդհանրապես այդ առումով չեմ սիրում Նոր տարին: Ի՞նչ եմ սիրում ուտել, ամեն տեղ նույն կերակրատեսակներն են, ընտրություն  կատարելու շատ մեծ հնարավորություն չկա եւ Ամանորին էլ քո նախասիրություններով չես սնվում:

 

  Մի հետաքրքիր դրվագ կհիշեք Ամանորի հետ կապված: Օրինակ` փոքր ժամանակ ի՞նչ էիք արտասանում Ձմեռ պապիկից տոպրակ ստանալու համար, մորուքից քաշե՞լ եք, Ձմեռ պապիկի գոյությանը հավատո՞ւմ էիք կամ եք: Այժմ Ձեր Ձմեռ պապիկն ո՞վ է, իսկ դուք ո՞ւմ Ձմեռ պապիկն եք:

Չեմ հիշում, թե Ձմեռ պապիկից նվեր ստանալու համար արտասանած լինեմ, հիշում եմ միայն, որ դպրոցում տնտեսվար ունեինք՝ Յաշա ձյաձյան, ով բոլորիս նվերների տոպրակներ էր բաժանում:

Ասում են, որ ես 3-4 տարեկանից չեմ հավատացել, որ Ձմեռ պապ կա: Մորուքից չեմ քաշել: Ես դաստիարակված, խելոք երեխա եմ եղել (ծիծաղում է-NEWS.am)

Այժմ մեր տան Ձմեռ պապը մեր հարեւանն է, ով գալիս է երեխաներին ուրախացնելու համար: Իսկ ընդհանրապես Ամանորն անցկացնում եմ գյուղում՝ ծնողներիս հետ, այս տարի եւս բացառություն չի լինի:

 

Եվ վերջում Ամանորի ձեր մաղթանքը մեր ժողովրդին:

Թող յուրաքանչյուր օջախում իրականանան բարի նպատակները, թող զույգեր ամուսնանան, թող երեխաներ ծնվեն, թող ԲՈՒՀ ընդունվողները ուսանող դառնան, թող զորացրվողները բարով խերով զորացրվեն, թող առատ բերք լինի, թող մեր սահմանները խաղաղ լինեն, թող ոչ մի զինվոր չվիրավորվի, թող նրանց մայրերի աչքը չոր լինի, թող դատարան գնացողները, անգամ եթե պարտվեն, զգան, որ կա արդարադատություն եւ արդարություն, թեղ  անվտանգ լինեն  մեր  սահմանները,  թող բարեկեցիկ լինեն մեր ընտանիքները եւ թող արդար լինեն մեր կայացրած բոլոր որոշումները: 

Ի վերջո երկրին պետք է, որ իր քաղաքացիներն ավելի ապահով լինեն, լավ ապրեն եւ հասնեն իրենց նպատակներին: