Հրայր Թովմասյան. Վարչական արդարադատության համակարգի ներդրումը տվել է սպասված արդյունքները. Փաստինֆո
22/01/2013
Հայաստանում վարչական արդարադատության համակարգի ներդրումն անհրաժեշտ էր, և այն ըստ էության տվել է սպասված արդյունքները: Վարչական դատարանի համակարգի հիմնադրման 5-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բացմանն այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա՝ Վարչական դատարանի ստեղծման ճանապարհը բավականին բարդ է եղել՝ միայն խորհրդային իշխանության վերջին 1-2 տարիներին էր հնարավոր դարձել միայն դատարան բողոքարկել պետական մարմնի որոշումը, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածը, նախարարի գնահատմամբ, հաջող օրինակ չէր: Ուստի կառույցը ստեղծելու համար հարկ եղավ ուսումնասիրել միջազգային փորձը, հասկանալ ներքին խնդիրները և կադրեր պատրաստել:
Ըստ նախարարի՝ այսօր էլ բոլոր խնդիրները լուծված չեն, եթե ընդհանուր առմամբ դատական համակարգում կան կուտակված խնդիրներ, ապա բնականաբար վարչական դատարանը նույնպես զերծ չէ այդ խնդիրներից:
Առաջիկա 2-4 տարիներն, ըստ Հ.Թովմասյանի, լինելու են կարևորագույն քննության՝ իսկապես արդարադատություն իրականացնող, արդյունավետ և հասարակության առջև հաշվետու դատական իշխանություն ունենալու, տարիներ: «Քննությունը չհանձնելու»՝ առկա խնդիրները չլուծելու, դեպքում Հայաստանը դատապարտված է լինելու շատ ու շատ բարդ երևույթների առջև կանգնել:
Հ.Թովմասյանի գնահատմամբ՝ Վարչական դատարան դիմումների թվի աճը մի կողմից վկայում է վարչական մարմինների վատ աշխատանքի մասին, իսկ մյուս կողմից՝ կառույցի հանդեպ քաղաքացիների վստահութան աճի մասին: Ըստ նրա՝ Վարչական դատարանն է հենց այն առաջնային օղակը, որի ուսերին դրված է ամենագլխավոր անելիքը՝ դատական համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացնելը, քանի որ մի կողմից հանրային իշխանության մարմիններն են, մյուս կողմից՝ քաղաքացիները: Նախարարը պարզաբանեց, որ եթե երկու քաղաքացիների միջև մասնավոր վեճի պարագայում վստահությունը կարող է լոկալ բնույթ կրել, ապա այլ է շատ ավելի մեծ հանրային ընդգրկում ունեցող վարչական գործի պարագայում:
Արդարադատության նախարարը կարևորեց, որ ներկայումս շրջանառության մեջ է Վարչական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այն շատ ավելի ամուր հիմքերի վրա է դնելու վարչական գործերի արդյունավետ ու ողջամիտ ժամկետներում քննությունը, ինչպես նաև օրենսգրքից հանվելու են դրան խոչընդոտող նորմերը: Վարչական դատավարության նոր օրենսգիրքը, նախարարի գնահատմամբ, ըստ էության վարչական դատարաններին կձերբազատի ոչ այնքան դատական գործառույթ պարունակող վճարման կարգադրություններ արձակելուց և հնարավորություն կտա կենտրոնանալ վարչական դատավարության խնդիրների վրա: