Երեւանում քննարկում են Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը. Արմենպրես
01/02/2013
Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը սկզբունքորեն տարբերվում է գործող օրենսգրքից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանում նախագծի հանրային քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը: «Այն հինգ մասերից է կազմված, որոնք ընդհանուր դրույթներն են ներառում: Նպատակը հետեւյալն էր. ունենալ այնպիսի համապարփակ իրավական ակտ, որը կապահովեր քրգործերի արդյունավետ քննությունը անձի իրավունքների պաշտպանության առումով, առավելագույնս արդյունավետ դարձնել քրգործերի քննության ընթացակարգը»,- նշեց նա: Ղուկասյանի խոսքով` վարույթի մի շարք փուլեր դուրս են մնացել ընթացքից`ավելորդ դառնալով կամ կորցնելով արդիականությունը: Նա նկատեց, որ նախագծի նպատակներից մեկն էլ քրեական վարույթում դատարանի անկախության ուժեղացման, դատարանակենտրոնության ապահովումն է:
Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հայեցակարգի մշակումից ի վեր այս հարցը բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել: «Մենք բազմիցս լսել ենք, որ այս մոդելը հակասում է եվրոպական կոնվենցիային: Այս հարցը մենք մանրամասն քննարկել ենք մասնագետների, փորձագետների հետ, իրականում ունենք հանրային եւ մասնավոր շահերի նոր հավասարակշռություն սահմանելու խնդիր, եւ այն վերաբերում է թե հանրային, թե մասնավորի շահերին»,- ասաց նա:
«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի» վերաբերյալ հանրային քննարկումը նպատակ է հետապնդում կարծիք հայտնելու, արտահայտվելու, մասնագիտական բանավեճ ծավալելու հնարավորություն ընձեռել բոլոր հետաքրքրված կողմերին, ինչպես նաեւ շատ հարցերի նայել տարբեր կարծիքների եւ մոտեցումների համադրման եւ վերաիմաստավորման տարբերակով:
Նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակվել է դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա: Գլխավոր խնդիրներից թերեւս կարեւորագույնն են արդար դատաքննության իրականացումը յուրաքանչյուր անձի հավասարակշռված պաշտպանության հնարավորության ապահովումը քրեական վարույթի ընթացքում, քրեական գործի քննությունը վարող պաշտոնատար անձանց`քննիչի, դատախազի, դատարանի կարգավիճակին վերաբերող հարցերի կարգավորումը, նրանց լիազորությունների ծավալի սահմանումը եւ նրանց միջեւ ուժերի հավասարազորության երաշխիքների ստեղծումը` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ ՄԻ եվրոպական դատարանի պրակտիկան: