Դատական և դատախազական դպրոցները կմիավորվեն. ինչո՞ւ դուրս մնաց փաստաբանական դպրոցը. hetq.am
07/02/2013
Դատական եւ դատախազական համակարգերը մասնագիտացված կադրերով համալրելու գործառույթն առ այսօր վերապահված է երկու առանձին կազմակերպությունների՝ «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» եւ «Դատախազական դպրոց» ՊՈԱԿ-ներին: Ազգային ժողովում քննարկվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի քննարկումը: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմu կառավարության։
Օրենքի նախագծով նախատեսվում է դատական եւ դատախզական դպրոցները միավորել եւ ստեղծել ակադեմիա: Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ըստ նախարարի` նախագծի քննարկման ժամանակ քննարկվել է նաեւ նոտարների ուսուցման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ «Փաստաբանական դպրոցը» եւս ակադեմիայի կազմում ներառելու մասին: Սակայն, հաշվի առնելով նրանց անկախությունը եւ այս ոլորտներում կառավարության որդեգրած քաղաքականությունը` որպես ինքնակառավարվող համակարգեր, պետությունը պետք է փոքր լծակներ ունենա այս հաստատությունների վրա:
«Նույն «Փաստաբանական դպրոցը» նոր է սկսել իր աշխատանքները եւ հուսով ենք, որ դա շուտով կտա իր արդյունքները: Այնուամենայնիվ, չենք բացառել, որ փաստաբանական պալատը եւ նոտարական պալատը կարող են պայմանագրեր կնքել ակադեմիայի հետ եւ ուսուցումն ու վերապատրաստումը կատարել համատեղ»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Երեւանի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 27-ի թիվ 3097-Ա որոշմամբ հատկացվել է Փիրումյան փողոցին հարող տարածքում գտնվող 2500 քմ մակերեսով հողամաս, որի վրա կառուցվել է ակադեմիայի շենքը`844 մլն 681 հազար 213 դրամ արժեքով: Բացի այդ, գնվել են մոտ 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի գույք, կահավորանք, սարքավորումներ: Ակադեմիայում նախատեսվում է իրականացնել նաեւ հեռահար ուսուցում` ներգրավելով միջազգային մասնագետներին:
Հրայր Թովմասյանի ասելով`մեկ կառույցում ուսումնառության կազմակերպումը հնարավորություն է տալիս դատական եւ դատախազական համակարգի կադրերի համար ընդհանուր թեմաներով համատեղ առարկայական կուրսերի դասավանդման, ինչն արդարացված է ե’ւ դասավանդող մասնագետների ներգրավման, ե’ւ դասընթացի կազմակերպման համար հատկացվող ռեսուրսների օպտիմալ տնտեսման տեսանկյունից:
Ըստ նախարարի` կրթական գործընթացի կազմակերպումը օպտիմալացնելու արդյունքում ազատ ֆինանսական միջոցները հնարավոր է դառնում ուղղորդել ինովացիոն տեխնոլոգիաների, ուսուցման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը, որոնք էլ իրենց հերթին կառաջացնեն նոր խնայողություններ եւ կուղղվեն մյուս հիմնախնդիրների պատշատ իրականացմանը:
Հատկապես ընդդիմադիր պատգամավորները քննադատում էին, որ օրենքով մանրամասն կարգավորվել է ակադեմիային վերաբերող ընթացակարգային հարցերը, եւ ինքնակառավարելու հնարավորություն չի մնում: