ՀՀ արդարադատության նախարարն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին
08/02/2013
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:
Նախարար Թովմասյանը նախ շնորհավորեց դեսպանին թոռնիկ ունենալու կապակցությամբ, ինչին դեսպանը գոհունակությամբ արձագանքեց` մեջբերելով իր երկրում տարածված արտահայտությունը. «Երեխաները մեր ներդրումն են, իսկ թոռներն արդեն այդ ներդրումից ստացած շահույթը»:
Այնուհետև նախարար Հրայր Թովմասյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ որոշ նկատառումներ, բայց նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը և դեսպանին, որ «համակ ուշադրություն են դարձնում ընտրական գործընթացներին, ցուցաբերում են աջակցություն միևնույն ժամանակ առանց միջամտելու մեր երկրի ներքին խնդիրներին»:
Հրայր Թովմասյանի խոսքով` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, ուստի այս հարցում առավելապես շահագրգռված է հենց քաղաքական իշխանությունը: «Եթե անցումային շրջանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար կային որոշակի խոչընդոտներ, ապա դրանք հիմա հաղթահարվել են և, չնայած որոշ լարվածության առկայությանը, այդուամենայնիվ, դրանք հաղթահարելի դժվարություններ են»,-ասաց նախարարը վստահություն հայտնելով, որ 2013-ի նախագահական ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավագույնն են լինելու: «Եթե քվեարկության օրը և արդյունքների ամփոփման ընթացքում խուսափենք բացասական երևույթներից, ապա այս ընտրությունները վստահաբար ամենաանխոցելին կլինեն»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Դեսպան Ջոն Հեֆֆերնի գնահատմամբ էլ այս ընտրությունները նոր նշաձող են հետագա ընտրությունների համար: Ընդգծելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության ձևավորման կարևորությունը, ԱՄՆ դեսպանը շեշտեց նաև, որ այդ առումով պետք է օրինակելի լինեն 2013-ի նախագահական ընտրությունները, իսկ լավ ընտրությունները հիմք կդառնան երկու երկրների միջև լավ համագործակցության համար:
ՀՀ արդարադատության նախարարը վստահեցրեց, որ իշխանությունների նպատակը հենց այդպիսի ընտրություններ անցկացնելն է:
Այունեհետև նախարար Թովմասյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվում երկրում օրենքի գերակայությունը ապահովելու և բավարար գործարար միջավայր ստեղծելու համար:
Մասնավորապես, անդրադառնալով իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, արդարադատության նախարարը շեշտեց անկախ, պատասխանատու և հաշվետու դատական իշխանության անհրաժեշտությունը, նշելով, որ առանց դրա չի կարող երկրում լինել օրենքի գերակայություն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: