Դատավորների գնահատման և կարգապահական տույժերի մեխանիզմները կփոփոխվեն. Հրայր Թովմասյան

11/04/2013

 Հայաստանում դատավորների գնահատման և կարգապահական տույժերի կիրառման մեխանիզմները փոփոխության կենթարկվեն: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքին նվիրված փորձագիտական աշխատաժողովի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը ողջունեց ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մշտապես օգնելու և աջակցելու համար։ «Ցանկացած երկրի զարգացման ուղի պայմանավորված է արդար և թափանցիկ դատական համակարգով։ Դա մեզ պարտավորեցնում է մշտապես ձգտել ունենալ այդպիսի դատական համակարգի։ Բարեփոխումների այս ծրագիրը ևս նպատակ ունի նպաստել մի շարք խնդիրների լուրծմանը, որոնք այսօր առկա են արդարադատության համակարգում։ Մի շարք օրենսգրքեր արդեն փոփոխություններ են կրել, կան որակական բարեփոխումներ դատական կորպուսում։ Սակայն անելիքները դեռ շատ են, և մենք իրավունք չունենք կանգ առնել ու բավարարվել եղած արդյունքով։ Այժմ մեր նպատակն է հասնել դատական ավելի ցածր ատյանների անկախությանը, որոնք կնպաստեն բարձր ատյանների ավելի լավ աշխատանքին»,- ասաց Հրայր Թովմասյանը։

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումների այս փուլը ուղղված է լինելու դատավորների ներքին անկախությանը։ «Արդարադատության ոլորտի ցանկացած աշխատակից պետք է արդարությունն ու ազատությունն ունենա ներքուստ և փորձի դա կիրառել նաև աշխատանքային պարկտիկայում»,- ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է ի նկատի ունենալ այլ երկրների փորձը այս համակարգում, քանի որ սեփական սխալների վրա սովորելուց բացի պետք է կարողանալ սովորել նաև մյուսների սխալների վրա։

 Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարե­փո­խումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2012 թվականին։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխան իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը:

 Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, մասնավորապես, քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաև` այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին: