Հրայր Թովմասյան. «Ապրիլի 9-ին ոստիկանության կողմից ձեռնարկած միջոցառումները իրավական պետությանը հարիր էին»
11/04/2013
Ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած միջադեպերը եկան կրկին հաստատելու, որ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում շատ բան է փոխվել, այդ թվում՝ ոստիկանության որակը, ինչպես նաև քաղաքական համակարգում ավելացել են հանդուրժողականության էլեմենտները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
«Մեր ոստիկանությունը հստակ գիտի` ինչ է նշանակում խաղաղ հավաք, ոստիկանությունը հստակ գիտի խաղաղ հավաքին աջակցել, ինչպես նաև գիտի՝ կարգի խախտման դեպքում ինչպիսի համաչափ միջոցառումներ ձեռնարկել: Այն ոստիկանությունը, որ տեսանք ապրիլի 9-ին, և նրա կողմից ձեռնարկած միջոցառումները իրավական պետությանը հարիր էին»,- ասաց Հ. Թովմասյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ձեռնարկված միջոցառումներին, ապա նրա գնահատականով, իր պետությունը սիրող, ժողովրդին նվիրված, ոստիկանության գործունեությունն առաջին պլան մղող մարդու գործողություններ էին: «Նա ոչ թե իր կաբինետում էր, այլ այնտեղ, որտեղ բախման վտանգ կար, քանի որ պետք է զգաս շիկացած մթնոլորտը, շնչես այդ օդը, որից հետո նոր որոշումներ կայացնել: Բախումներ չեղան, ինչը որոշ ուժեր ցանկանում էին, հենց մեր ոստիկանության և մյուս կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի մարդու տեսակի շնորհիվ էր, որ խուսափեցինք բախումից, ինչը մեր հետագա զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է»,- ընդգծեց Հ.Թովմասյանը:
Անդրադառնալով Ր.Հովհաննիսյանի երդմնակալությանը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա քաղաքական պրոցես է: «Մարդը իր քաղաքական պայքարի ճանապարհը այդպես է գտնում, այդպես է իրականացնում և այստեղ որևէ գնահատական տալ չես կարող: Բնականաբար, սա չի կարող ունենալ իրավական որևէ հետևանք»,- նշեց Հ.Թովմասյանը:
Խոսելով ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածից, Հ. Թովմասյանը նշեց, որ որոշակի գնահատականներ տալուց դեռ ձեռնապահ է մնում:
Այդուհանդերձ նա վստահեցրեց, որ այս հարցը կլինի հասարակության ուշադրության կենտրոնում և ոստիկանությունը ամբողջի վերաբերյալ պարբերաբար տեղեկություն կտա: «Ճանաչելով Արմեն Մարտիրոսյանին՝ ցավում եմ, որ իր հետ նման բան կատարվեց: Բայց պետք է ամբողջության մեջ գնահատել՝ տեսնելու, թե համաչափության սկզբունքը որ փուլում խախտվեց և ովքեր են մեղավոր: Եթե կան մեղավորներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ լինի դա Ա.Մարտիրոսյանը, թե ոստիկանը: Եթե մենք ուզում են ունենալ իրավական պետություն, ապա ոստիկանի օրինական պահանջին պետք է ենթարկվել՝ որտեղ էլ դա լինի»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Աղբյուր` Panorama.am