Հանրային քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի բնապահպանական իրավունքներ գլխի վերաբերյալ

19/04/2013

 Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբը, ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ,  2013թ-ի ապրիլի 23-ին ժամը 10:00-ին կազմակերպում է աշխատանքային հանդիպում՝ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի բնապահպանական իրավունքների գլուխը: Հանդիպումը կկայանա ՀՀ արդարադատության նախարարության շենքում(Երևան, Հալաբյան փող. 41ա, 14-րդ հարկ):  Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանական հարցերով զբաղվող ՀՀ պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» հիմնական նպատակն է ստեղծել և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության և խթանման այնպիսի համակարգեր, որոնք համահունչ կլինեն միջազգային նորմերին և սկզբունքներին: Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծով նախատեսվում է մարդու բնապահպանական իրավունքների առանձին գլուխ` ուղղված շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը: Գործողությունների ծրագրի համաձայն` անհրաժեշտ է լինելու կատարել բնապահպանական սեկտորի մարդու իրավունքներին առնչվող օրենսդրության փոփոխություններ: