Հանրային քննարկում է անցկացվել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ

18/04/2013

 Այսօր ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի համագործակցությամբ տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ:

 Հայեցակարգի նախագիծը մշակվել է քաղաքացիական հասարակության կառույցների և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից՝ հիմք ընդունելով նաև քաղաքացիական հասարակության օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղական և միջազգային փորձագետների կողմից նախկինում կատարված մի շարք հետազոտություններ և վերլուծություններ:

 Նախագծի գլխավոր նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացումը՝ գործող օրենսդրության բարեփոխման միջոցով: Որպես ոլորտի բարեփոխման կարևորագույն քայլեր  նախագիծը մասնավորապես առաջարկում է ներդնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դասակարգման նոր մոդել, առաջ է քաշում անձեռնամխելի կապիտալով հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը, ոչ-առևտրային կազմակերպությունների պետական գրանցման վարչարարության պարզեցման, ՔՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության տրամադրման, կամավորականության խթանման, ՔՀԿ-ների հաշվետվողականության և հանրային վերահսկողության գաղափարները:

 Քննարկման ընթացքում քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի աշխատանքային խմբի փորձագետ Մոնիկա Սարգսյանը մանրամասն ներկայացրեց հայեցակարգում ներառված դրույթները, ոլորտը կարգավորող հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները:

 ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Արամ Օրբելյանն իր խոսքում  ընդգծեց, որ ուժեղ քաղաքացիական հասարակությունը նպաստավոր դերակատարություն կարող է ունենալ ժողովրդավարության զարգացման   հարցում: «Քաղաքացիական հասարակությունը  լավագույն միջոցն է հասարակական կյանքում առկա խնդիրների վերաբերյալ իրատեսական կարծիք ստանալու համար», -ասաց փոխնախարար Օրբելյանը՝ հավելելով, որ մշակվող հայեցակարգը հիմք կդառնա քաղաքացիական հասարակության կազմակերպություններին առնչվող  օրենսդրական բարեփոխումների համար, ինչն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը:

 Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց  դիտողություններն ու առաջարկությունները:  Հնչեցին տարբեր հարցեր, իսկ որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ  էլ բարձրացրեցին  «դատական մատչելիության հարցը», որը, նրանց կարծիքով, անհրաժեշտ  է, որպեսզի  ներառվի հայեցակարգում: 

Հայեցակարգի`քննարկված նախագիծը տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության կայքի «հանրային քննարկում» բաժնում՝ http://moj.am/legal/view/article/462