Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում է անցկացվել

20/04/2013

 ՀՀ արդարադատության նախարարությունում ապրիլի 20-ին անցկացվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում, որին մասնակցող 77 անձինք բաժանվել են 4 խմբերի. վերջինի բաժանումը կատարվել է այբբենական կարգով՝ ըստ ազգանունների:

 Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք նախօրոք հրապարակման ենթակա չեն եղել:  Ստուգման ընթացքում դիմողը բառարաններից և համակարգչային տեխնիկայից օգտվելու իրավունք է ունեցել: Արգելվել է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոց:
 Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմողներին տրվել է հայերենով տեքստ` ընտրված հանձնաժողովի կողմից, որը դիմողը թարգմանել է ժեստերի լեզվով: Ինչպես նաև դիմողը թարգմանել է հայերենով հանձնաժողովում ընդգրկված թարգմանչի կողմից ժեստերի լեզվով ներկայացված տեքստը: Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով համապատասխան տեղեկանք ստանալու համար որակավորման ստուգման ընթացքում իրականացվել է տեսաձայնագրում: 
 Մասնակիցների աշխատանքները անանուն կերպով կուղարկվեն փորձագետներին՝ դրանք գնահատելու համար: Ստուգումների արդյունքները կամփոփվեն մեկ ամսվա ընթացքում: Աշխատանքները գնահատվելու են 20 միավոր համակարգով. 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը դրական կհամարվի:

 Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ: