Հրայր Թովմասյան. Ազատազրկումը լավագույն տարբերակը չէ. Փաստինֆո

25/04/2013

 Անկախության տարիների մեր գլխավոր նվաճումը շարունակում է մնալ բանակը, այն բանակը, որը որսորդական հրացաններով սկսելով այսօր դարձել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ: Իսկ խնդիրները բոլորս ենք բարձրաձայնում և փորձում դրանք լուծել: Այս մասին «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

 Ըստ Հ.Թովմասյանի, ցավոք սրտի, ունենք զորակոչից խուսափելու խնդիր. մեկը որոշում է երկրից գնալ, մյուսը հիվանդ ձևանալ, երրորդը փորձում է հատուկ ասպիրանտուրա ընդունվել, մի կերպ թեզ պաշտպանել: Սակայն, նրա համոզմամբ, լսումների առանցքում գնտվող օրենսդրական նախաձեռնությունը՝  մարտի 18-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակված «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, բանակից խուսափելու սողանցք չի հանդիսանա: Այն ամրագրում է այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, թե միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն:

 Հ.Թովմասյանի կարծիքով, բանակից խուսափողները Եհովայի վկա չեն գրվի, այլ կգերադասեն բանակից խուսափելու այլ ուղիներ փնտրել: Նա չբացառեց, որ տեսականորեն, իհարկե, կարող են կոռուպցիոն դրսևորումներ  լինել, բայց այն մեխանիզմները, որոնք նախատեսված են օրենսդրական նախաձեռնությամբ, դրա հավանականությունը փոքրացնում են և ըստ էության հասցնում  զրոյի:

Անվտանգության խնդիրների հետ կապված մտահոգության առնչությամբ նա նշեց, որ «նման խնդիր են բոլոր այն դեպքերը, երբ անձը չպետք լինի բանակում, բայց ինքը բանակում է, և հակառակը»: «Մենք ունենք երկրում հայրենասիրական ոգով նոր սերունդ դաստիարակելու խնդիրներ, և այդ ուղղությամբ քայլեր արվում են, իսկ դրանք բավարար են, թե ոչ, կապված է տասնյակ գործոններից»,-նշեց նա:

 Հ.Թովմասյանն ընդգծեց, որ այս օրենքն անհրաժեշտություն է, և այն մեզ ոչ ոք չի պարտադրել: Նա կրկին հիշեցրեց, որ կրոնական համոզմունքից ելնելով պարտադիր զինծառայությունից խուսափած շուրջ 80 անձանց մի մասի գործերը ներկայումս գտնվում են դատաքննության և նախաքննության փուլերում, իսկ նրանց մի մասն էլ դատապարտված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նրա համոզմամբ, զինվորական ծառայությունից խուսափողների նկատմամբ ազատազրկումը լավագույն տարբերակը չէ: