«Առաջնորդության դպրոց»-ի ուսանողները ծանոթացան ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքներին

02/05/2013

 Ապրիլի 30-ին «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ուսանողներն այցելել  էին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Գործակալության պետ Արմեն Գևորգյանը երիտասարդներին մանրամասն ծանոթացրեց կառույցի աշխատանքներին, իրականացված բարեփոխումների արդյունքներին:

 Գևորգյանի խոսքով՝ նախկինում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ինչպես նաև այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելու համար պահանջվում էր երեք օրից մինչև մեկ շաբաթ: «Անհրաժեշտ էր ներկայացնել կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները»,- ասաց գործակալության պետը հավելելով, որ  հարկային կոդ ստանալու համար էլ  անհրաժեշտ էր դիմել հարկային մարմիններին: Մինչդեռ բարեփոխումների արդյունքում համակարգն անհամեմատ ավելի պարզ գործարկում ունի: «Աշխատում ենք մեկ պատուհանի սկզբունքով, որի արդյունքում կազմակերպության գրանցումը տևում է 15 -20 րոպե, ՍՊԸ-ի գրանցման պետական տուրքը 0 դրամ է, ԱՁ-ինը՝  3 հազար դրամ»,- նշեց Արմեն Գևորգյանը՝ ընդգծելով, որ ստանդարտ կանոնադրության պարագայում ամբողջ փաստաթղթերի փաթեթը տրամադրվում է անմիջապես,  հարկային կոդը ևս տրամադրվում է տեղում:   

 «Էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում հնարավոր է նաև կազմակերպությունը գրանցել on-line,  e-register.am կայքի միջոցով»,- ասաց գործակալության պետը:

  Համոզվելու համար Գևորգյանն առաջարկեց հենց տեղում ուսանողներից մեկի անունով որևէ կազմակերպություն գրանցելու փորձ կատարել. գրանցումն, իրոք, հաշվված րոպեների ընթացքում կատարվեց:

 «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը բարձր գնահատեց ՀՀ արդարադատության նախարարության՝ ուսանողների հետ համագործակցելու պատրաստակամությունը            :