Նիկոլայ Առուստամյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է

02/05/2013

 Ամերիկյան Daily Citizen կայքն անդրադարձել է  Վիսկոնսին նահանգի «Դոջ» ուղղիչ  հիմնարկում հյուրընկալված ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի գլխավորած պատվիրակության այցին: Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.

 «Առուստամյանն, ով արդեն երրորդ անգամ է պաշտոնական այցով լինում  ԱՄՆ-ում, նշել է, որ ՀՀ-ում այս ոլորտում բարեփոփումներ են իրականացվում: «Հայաստանում մենք նոր քրեակատարողական հիմնարկ ենք կառուցում, որտեղ ներդնելու ենք ՔԿՀ-ների կառավարման նոր մեթոդ: Հուսով ենք Վիսկոնսին նահանգ կատարած այցը կնպաստի դրանց վերաբերյալ նոր գիտելիքներ ու փորձ ստանալուն »,- ասել է խորհրդականը:

 Միևնույն ժամանակ Առուստամյանը նշել է՝ ինչքան էլ ԱՄՆ-ում նոր մոտեցումներ տեսնեն, ամեն դեպքում, իրականում հնարավոր չէ դրանք ամբողջապես կիրառել Հայաստանի հին ՔԿՀ-ներում, «բայց մենք հավաստիացնում ենք, որ նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկը գաղափարական եւ կառավարման տեսանկյունից հարուստ կլինի նոր մոտեցումներով»:

 «Դոջ» ուղղիչ հիմնարկի ղեկավար Ջիմ Շոչերթը նշել է, որ ծրագիրը փորձի փոխանակման երկկողմ հնարավորություն է ընձեռում. «Մենք ևս ծանոթանում ենք բանտային վերահսկողության հայկական փորձին, Հայաստանում կիրառվող եղանակներին: Կան և՛ նմանություններ, և՛ տարբերություններ, որոշներն էլ հետաքրքական են և արժանի ուսումնասիրության մեր կողմից: Սա փորձի փոխանակման լավ ձև է»,- ասել է Շոչերթը:

 Առուստամյանը գոհունակություն է հայտնել ընդունելությունից և կատակով նշել, որ չնայած բանտում գտնվելը հաճելի չէ, բայց հայաստանյան պատվիրակությունն իրեն շատ լավ է զգում «Դոջ» ուղղիչ  հիմնարկում:  Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Վիսկոնսինի ղեկավարությանը, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանն ու ամերիկյան ժողովրդին՝ ծրագրի նախաձեռնության համար»: