Ներկայացվեցին դիտարկումներ Քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ. Փաստինֆո

08/05/2013

 Քաղաքացիական օրենսգրքի նախագծի երկօրյա քննարկումները նպատակ ունեն պարզել ու վերհանել օրենսգրքում առկա խնդիրները՝ կառուցվածքային, տերմինաբանական և կոնկրետ գործնական խնդիրներ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

 Գլխավոր նպատակն է ունենալ արդի տնտեսական ու սոցիալական հարաբերություններին համապատասխանող քաղաքացիական օրենսդրություն՝ խոսքը Քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև քաղաքացիական հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքների մասին է:

 ՀՀ նախագահի կարգադրությամբ մշակված 2012-16թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսվում է արդի պահանջներին համապատասխանող Քաղաքացիական օրենսգրքի մշակում: «Մոտավորապես երկու տարվա մանրակրկիտ և ինտենսիվ աշխատանք ունենք»,- ասաց Ա.Օրբելյանը նկատելով՝ «Չի նախատեսվում, որ մի ամսում այս խնդիրները կլուծվեն» :

 Դեռևս 2003թ. գերմանացի պրոֆեսոր Ռոլֆ Կնիպերի ներկայացրած Քաղաքացիական օրենսգրքի վերլուծության ու քննադատության արդյունքում, ըստ ՀՀ արդարադատության փոխնախարարի, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք է ներմուծվել հողի ու անշարժ գույքի փոխկապակցվածության ինստիտուտը, կատարվել են որոշ այլ փոփոխություններ: Սակայն ինչպես ինքը՝ գերմանացի պրոֆեսորն է ընդգծում, իր առաջարկությունների զգալի մասը դեռևս ուժի մեջ են:

 Քննարկումները բավականին լայնածավալ են և վերաբերում են Քաղաքացիական օրենսգրքի համարյա բոլոր մասերին, ինստիտուտներին : Կոնցեպտուալ հարցերից ՀՀ արդարադատության փոխնախարարն առանձնացրեց, մասնավորապես, բարոյական վնասի հատուցման, պայմանագրերի կնքման առանձնահատկությունների, կորպորատիվ իրավունքի ոլորտի բավականին մեծ բլոկի՝ ընկերությունների, ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, դրանք կարգավորող օրենսդրության, անշարժ գույքի հետ կապված պայմանագրերի, գրավի ինստիտուտի, ձեռնարկատիրություն, թե՞ գործարարություն տերմինների և այլնի շուրջ քննարկումները:

 Երևանի պետական համալսարանի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանը, ով Քաղաքացիական օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ է արել դեռևս մինչև դրա ընդունումը՝ 1995 թ.-ից սկսած, գտնում է, որ օրենսգիրքը կատարյալ չէ, ժամանակի պահանջներին չի համապատասխանում և էական բարեփոխումների կարիք ունի: Ըստ գիտնականի, Քաղաքացիական օրենսգրքում չկա մի ինստիտուտ, որտեղ սխալներ չլինեն: «Միակ ինստիտուտը, որը քիչ կատարելագործման կարիք ունի, մտավոր սեփականության ինստիտուտն է, որն անընդհատ ենթարկվել է բարեփոխումների, փոփոխությունների՝ միջազգային նորմերին համապատասխան, և այստեղ մենք շատ քիչ անելիք ունենք»,- ասաց Տ.Բարսեղյանը:

 Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավունքի ու քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Ռաֆայել Սարգսյանը գտնում է, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում կայացել է իրեն արդարացնող քաղաքացիական օրենսդրությունը, սակայն բազմաթիվ են այդ թվում՝ ինստիտուցիոնալ, բացերը, կառուցվածքային սխալները և «չի կարելի ասել, որ օրենսգիրքն ամբողջությամբ սոցիալապես, տնտեսապես և տրամաբանորեն հիմնավորված է»: Այդ թերություններն ու բացթողումները բնական երևույթներ են, գտնում է գիտնականը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի մշակման ու ընդունման պահին Հայաստանում դեռևս չկար գործարար հարաբերությունների ու գործարար մշակույթի անհրաժեշտ պաշար, իսկ ընդունվող օրենսդրությունը չէր անցնում ակտիվ շուկայական հարաբերությունների փորձության բովով: «Հայաստանն ավելի կատարյալ քաղաքացիական օրենսգրքի կարիք ունի, որը կհամապատասխանի այսօրվա հրամայականներին»,- ասաց նա:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը դրական է գնահատում քննարկումները, սակայն միաժամանակ գտնում է, որ «այսպիսի քննարկումներ բազմիցս լինում են, բայց սայլը տեղից չի շարժվում»: Փաստաբանը նշեց, որ 2003-2004թթ. ևս նման քննարկումներ կազմակերպվում էին , պարբերաբար ինչ-որ առաջարկություններ էին ներկայացվում, սակայն դրանք մնում էին թղթի վրա: Փաստաբանը գտնում է, որ օրախնդիր հարցերը պետք է լուծվեն ոչ թե հայեցակարգային կարգով, այլ շուտափույթ, որովհետև արդյունքում խախտվում են բազմաթիվ քաղաքացիների իրավունքները:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ երկօրյա քննարկումներն անց էր կացվում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների տեսաբան-գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջազգային կազմակերպությունների, Փաստաբանական պալատի, ինչպես նաև պետական այն մարմինների ներկայացուցիչները: Մասնակիցները ներկայացրեցին Քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք մանրակրկտորեն կուսումնասիրվեն: