Հայաստանի օդում արդարության չափաբաժինը մեծացել է. Հրայր Թովմասյանը` դատարանների նկատմամբ վստահության հարցման մասին. Panorama
15/05/2013
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գոհ է վերջին հարցումների տվյալներից, որոնց համաձայն դատարանների հետ առնչված քաղաքացիների 50,9 տոկոսը հիմնականում վստահում են Հայաստանի դատարաններին:
«Շատ ուրախալի փաստ է, այսինքն` պրոցեսները որ սկսել են, արդյունավետ են եղել. 22 դատավոր պատասխանատվության է ենթարկվել 2012-ի ընթացքում: Դա աննախադեպ թիվ է և խոսում է այն մասին, որ նախ իրենք (նկատի ունի դատավորները-հեղ.) են սկսել շատ ավելի ուշադիր լինել իրենց նկատմամբ և բացի այդ գործադիր մարմինն է ուշադիր նրանց նկատմամբ, քանի որ նրանցից 8-9-ը պատասխանատվության ենթարկվել են արդարադատության նախարարի միջնորդությամբ», -պատասխանելով Panorama.am-ի` սոցհարցման վերաբերյալ հարցին, այսօր ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփընի»-ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչված քաղաքացիների 50.9 տոկոսը հիմնականում վստահում են երկրի դատարաններին, հիմնականում չեն վստահում 20.3 տոկոսը, բոլորովին չեն վստահում 18.0 տոկոսը, իսկ լիովին վստահում են հարցվածների ընդամենը 8.2 տոկոսը:
Թովմասյանի խոսքով, դատավորներն իրենք ևս պետք է վերափոխվեն և ճիշտ է կարող են լավ դատավորներ լինեն, բայց դրան զուգահեռ խնդիրները շարունակում են մնալ:
«Առանց դատական իշխանության էական բարեփոխումների, դուք որևէ այլ ոլորտում դրական փոփոխություններ չակնկալեք: Սա այն հարցն է, որտեղ կոնսենսուս կա հասարակական բոլոր շերտերի, քաղաքական իշխանության և ընդդիմության մոտ: Մեր պատմության մեջ չի եղել, որ բոլորը ինչ-որ բան են ուզում և դա իրականություն է դառնում: Իհարկե դժվար է, իհարկե կա դիմադրություն, իհարկե կան մարդիկ, որոնք դեռևս ցանկանում են արդարության հասնել այլ ճանապարհներով, միշտ է լինելու այդպես, բոլոր երկրներում դա կա: Բայց անթույլատրելի է, երբ մարդն սկսում է մտածել, որ այլ ճանապարհներով իր խնդիրները լուծի և չգնա, չհասնի դատարան: Այսինքն` հասարակական գիտակցության մեջ ևս փոփությունների անհրաժեշտություն կա: Դատական իշխանության վերափոխմանը զուգահեռ հասարակական ընկալման մեջ էլ գերիշխող պետք է լինի մոտեցումը` եթե ես վեճ ունեմ, պետք է գնամ դատարան ու այնտեղ հասնեմ արդարության: Մի առիթով ասել եմ` այն օդը, որը մենք շնչում ենք, պետք է արդարության չափաբաժինը մեծանա, և սա խոսում է այն մասին, որ այդ չափաբաժինը մեծացել է», -հավելեց նախարար Թովմասյանը:
Այդ ամենով հանդերձ, ըստ նախարարի, արվածը բավարար չէ ու պետք է աշխատել այլ ուղղությամբ` իրականացնել դատաիրավական բարեփոխումների ծրագիրն ամբողջությամբ:
Ի դեպ, այդ ծրագրի իրականացման շրջանակներում այսօր մասնագետների հետ քննարկվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սեպտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի դատին:
Օրինագծի ընդունմամբ, ինչպես վստահեցրեց նախարարը, քաղաքացիական գործերն արագ կքննվեն: Այդպիսով, ներդրվելու է նախնական դատական նիստերի ինստիտուտ, որի ընթացքում էլ հենց որոշվում է հարցը, թե որոնք են ապացուցման ենթակա փաստերը և կողմերն ինչպես են այն ներկայացնելու: Սա նաև նպաստելու է նրան, որ նիստերն անհարկի չհետաձգվեն: Ըստ նախարարի, փոխվելու է նաև ծանուցումների համակարգը: «2014-ից երբ կներդրվեն նույնականացման քարտերը, բոլորի համար կստեղծենք վիրտուալ հասցեներ և ծանուցումները կստացվեն այդ եղանակով», -ներկայացրեց նախարարը: