Նոտար Ալվարդ Մելքոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հայցը բավարարվեց. Փաստինֆո

31/05/2013

 ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: ՀՀ արդարադատության նախարարը նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան:

Ինչպես տեղեկացնում է ՛՛Փաստինֆո՛՛-ն, դատաքննությունը անց էր կացվել պատասխանողի բացակայությամբ։ Կողմը պատշաճ ծանուցվել էր դատական նիստի ժամանակի ու վայրի մասին, սակայն չէր ներկայացել: Այդ պայմաններում դատարանը գտել էր, որ պատասխանողի բացակայությունն արգելք չէ դատաքննություն անցկացնելու համար:

 ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցիչ Դանիել Մխեյանը պնդել էր նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջը: Նոտարը երկու անգամ նախարարի հրամանով ենթարկվել էր կարգապահական տույժի. նախ՝ 30.08.2011թ. հրամանով ստացել է նախազգուշացում, իսկ 29.06.2012թ. հրամանով՝ 2012թ. հունիսի 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կասեցվել էր նրա գործունեությունը: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում նոտարը տույժի է ենթարկվել երկու անգամ։ Դանիել Մխեյանի ներկայացմամբ, մեկ տարվա ընթացքում նոտարը երեք անգամ և ավելի վավերացրել էր պայմանագրեր, որոնք կնքման պահին հակասել են օրենքի պահանջներին ու անվավեր են եղել, ինչը նոտարին պաշտոնից ազատելու հիմք է: Նախարարն, այսպիսով, աննպատակահարմար էր համարել նոտարի հետագա պաշտոնավարումը և պահանջել կայացնել նոտարին պաշտոնից ազատելու որոշում: Շարունակությունն այստեղ: