ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանում ներկայացվել է Հայաստանի պարբերական զեկույցը

03/06/2013

 Մայիսի 29-ին և 30-ին Ժնևում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանում քննարկվել է Հայաստանի 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցը: Այն վերաբերել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, ինչպես նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից  զինված հակամարտություններին երեխաների մասնակցության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունների դրույթների կատարմանը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է  զեկույցը, մասնավորապես անդրադառնալով  ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  ձեռնարկած և նախատեսվող քայլերին:

 Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը, նախորդ ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացրած մի շարք օրենքների նախագծերը՝ ուղղված Կոնվենցիայի և երկու կամընտիր արձանագրությունների դրույթների կատարմանը:

 Քննարկվել են նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքին,  սոցիալական ապահովությանը, մինչծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում երեխայի մորը և երեխային տրամադրվող առողջապահական ծառայություններին ու անչափահասների արդարադատության ոլորտին, ինչպես նաև երեխայի մասնակցությամբ զինված ընդհարումներին, մանկավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և մանկական մարմնավաճառության կանխմանն առնչվող հարցեր:

 Կոմիտեն ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի և երկու կամընտիր արձանագրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկած քայլերը և հորդորել շարունակել ստանձնած պարտավորությունների կատարումը:

 Զեկույցի քննարկումից հետո ընդունվել են կոմիտեի եզրակացություններն ու առաջարկությունները:

 Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալան հարցերի, Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարությունների ու ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

 ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների  կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը 5 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցների միջոցով հսկում է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և կից կամընտիր արձանագրությունների կատարման ընթացքը: