ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի ամփոփում

13/06/2013

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-7-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում՝ ՌԴ արդարադատության նախարար Ա. Կոնովալովի հրավերով:  Աշխատանքային այցի նպատակն էր՝   ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը: Պատվիրակությունը, որի կազմում են եղել  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանն ու Եղիշե Կիրակոսյանը, հունիսի 6-ին հանդիպել է ՌԴ արդարադատության նախարար Ա. Կոնովալովի, Գերագույն դատարանի նախագահ Վ. Լեբեդևի, Նոտարական պալատի նախագահ Մ. Սազոնովայի, ինչպես նաև համակարգի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 ՌԴ արդարադատության նախարարի  հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են միջազգային երկկողմ և բազմակողմ մի շարք պայմանագրերի շրջանակներում իրականացվող համագործակցությանը, փաստաբանական ոլորտին, նոտարիատի զարգացմանը, ինչպես նաև օրենսդրական զարգացումներին, մասնավորապես՝ քաղաքացիական օրենսդրությանն առնչվող բարեփոխումների հետ կապված հարցերի:

 ՌԴ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել 2013թ-ի մայիսին Սանկտ Պետերբուրգում կայացած համառուսական իրավաբանական ֆորումին ՀՀ արդարադատության նախարարության մասնակցության համար և հույս հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարն անձամբ կմասնակցի հաջորդ ֆորումին:

 ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է ԱՊՀ արդարադատության նախարարների՝ Երևանում կայանալիք առաջիկա խորհրդաժողովի օրակարգը: Հրայր Թովմասյանն առաջարկել է  օրակարգում ընդգրկել «չճանաչված պետությունների կողմից տրված փաստաթղթերի ճանաչման հիմնախնդրին» վերաբերող հարցը՝ Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի օրինակով: ՌԴ արդարադատության նախարարն առաջարկն ընդունել է ի գիտություն:

Նույն օրը ՌԴ Գերագույն դատարանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են դատարանների թափանցիկությանը, դատական համակարգի կառավարման առանձնահատկություններին, գործերի քննության ժամկետներին, դատավորների աշխատավարձին, սոցիալական ապահովությանն ու դատարանների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: 

 ՌԴ Նոտարական պալատի նախագահ Սազոնովայի հետ հանդիպմանը քննարկվել են նոտարիատի ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել են նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագներին, էլեկտրոնային նոտարիատին, իրավական կարգավորման առանձնահատկություններին առնչվող հարցերին:

 ՀՀ արդարադատության նախարարն առաջարկել է  ՌԴ նոտարական պալատի ղեկավարությանն ավելի սերտացնել երկու պետությունների նոտարական պալատների միջև համագործակցութունը:Սազոնովայի հետ քննարկվել է նաև նոտարական կարգով հաստատված լիազորագրերի էլեկտրոնային միասնական շտեմարան ստեղծելու գաղափարը:

 Հայկական պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է նաև ՌԴ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատար Ծատուրովի հետ:Քննարկվել  են քրեակատարողական հիմնարկների և դատական ակտերի հարկադիր ծառայության հետ կապված երկու պետությունների համար առաջնային համարվող մի շարք հարցեր:

Անդրադարձել են ՔԿՀ-ների գերբեռնվածության կրճատմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարմանը վերաբերող հարցերին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել քրեակատարողական ծառայությունների միջև բարեփոխումների իրականացման ընթացքում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

 Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև  երկու երկրներում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, արդարադատության և իրավունքի ոլորտում հայ-ռուսական, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների Արդարադատության նախարարների խորհդի շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: