Պարզաբանում` «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքում հրապարակված հոդվածի առնչությամբ

03/07/2013

«Լրագրողներ  հանուն մարդու իրավունքների»

իրավական, լրատվական կայքի պատասխանատուներին  

 

Պարզաբանում 

   «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքում հրապարակված «Եթե դատապարտյալ ես, ուրեմն մարդ չես» վերնագրով հոդվածի  հեղինակն անդրադառնալով հատկապես ցմահ դատապարտյալների հեռախոսային զանգերի սահմանափակումներին, նշում է, թե այդ սահմանափակումները « մտցրել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը»:

   Հարկ ենք համարում հիշեցնել , որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու ներքին կանոնակարգը կարգավորվում է ՀՀ կառավարության N 1543-Ն որոշմամբ, որն ընդունվել է  դեռևս 2006թվականի օգոստոսի 3-ին: Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար է նշանակվել 2010թվականի դեկտեմբերի 17-ին:

   Հոդվածի հեղինակը հավանաբար ցանկացել է շեշտել, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահանջով  սկսել են կիրառել կառավարության հիշյալ որոշումը:

 Իսկ սույն որոշմամբ   սահմանված է  նաև քրեակատարողական հիմնարկի տարածքում հեռախոսակապից օգտվելու  կարգը:

   Մասնավորապես  վերը նշված  որոշման 180-րդ կետի համաձայն « Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից: Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

   Կալանավորված անձին կամ դատապարտյալին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:
  Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:

   Հոդվածի հեղինակը նշում է նաև, թե դատապարտյալները «կարող են զանգահարել նաև բջջային հեռախոսով, սակայն դա շատ թանկ է դատապարտյալների համար»:

   Հիշեցնենք, որ այս հարցը ևս կարգավորված է կառավարության հիշյալ որոշմամբ (Ձև N2)  սահմանված է արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որտեղ մասնավորապես նշված է, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ  բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելված է ունենալ  ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն): Այսինքն դատապարտյալները չեն կարող «զանգահարել բջջային հեռախոսով»:

   Ինչ վերաբերում է հոդվածագրի այն դիտարկմանը, թե « դժգոհությունը նախարարից շատ մեծ է, հատկապես, արձանագրվող մահվան դեպքերի հետ կապված: Նախարարը որևէ դեպքով պարզաբանումներ չի տալիս, չի արձագանքում մամուլի հրապարակումներին », ապա  փաստենք, որ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մամուլի հաղորդագրության տեսքով պարզաբանում է ներկայացրել  քրեակատարողական վարչության լրատվական բաժինը: 

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ընթացքում սպանության դեպքեր չեն գրանցվել:

   Ինքնասպանության բոլոր դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

  Իհարկե, անգամ մեկ հոգու մահը ցավալի է և մտահոգիչ, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ  մահվան դեպքերի աճի միտում չի նկատվում՝ 2010 թվականից մինչև 2013-ի առաջին կիսամյակը գրանցվել է 60 մահվան դեպք համապատասխանաբար 2010-ին՝ 20, 2011-ին՝ 15, 2012-ին՝ 17,  2013-ի հուլիսի 2-ի դրությամբ 8 դեպք: 

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

 Կարինե Քալանթարյան