Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանդրության օրվա կապակցությամբ

04/07/2013

     Սիրելի՛ հայրենակիցներ,

 Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ:

 18 տարի առաջ Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը «այո» ասաց նորանկախ  Հայաստանի Սահմանադրությանը: Փաստաթուղթ, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները , համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Փաստաթուղթ,  որում ամրագրված սկզբունքները անկյունաքարային նշանակություն ունեն մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ այդ սկզբունքները  կյանքի կոչելը  յուրաքանչյուրիս  գերագույն խնդիրն ու պարտականությունն է:   

 Բոլորս պետք է գիտակցենք, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և իրականության միջև առկա խզումները միայն համատեղ ջանքերով կարող ենք վերացնել և որ դա մեր բոլորի պարտքն է:

 Այդ ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական արժեքները լիովին իրողություն դարձնել և երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն:

 Համոզված եմ, որ այդ ճանապարհը հարթելուց հետո բոլորս կգիտակցենք, որ Սահմանադրությունը  պետականության խորհրդանիշն է, հպարտությամբ կգիտակցենք Սահմանադրություն ունենալու կարևորությունը և հուլիսի 5-ը իսկապես տոն կդառնա յուրաքանչյուր հայի համար: Հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը:

 Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: 

ՀՀ արդարադատության նախարար

Հրայր Թովմասյան