570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. Մարդու իրավունքների եվրոպական դատարան. medialab.am

10/07/2013

  Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներով սեփական երկրում արդարադատություն չգտած և Հայաստանի դեմ ՄԻԵԴ հայց ներկայացրած քաղաքացիներին վճարել կամ վճարելու է 570.294 եվրոյին համարժեք դրամ: 

  Medialab.am-ի հաղորդմամբ, փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված գանգատները հիմնականում վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, անհիմն ազատազրկմանը և սեփականության իրավունքի խախտմանը: Կան նաև խոշտանգումներին, անձնական կամ ընտանեկան կյանքին անհիմն միջամտությանը, խղճի, դավանանքի ազատության խախտմանը վերաբերող գանգատներ:

  «Իմ տվյալներով՝ հիմնական գանգատները առաջին երեքն են: Ընդհանրապես, արդար դատաքննության իրավունքի խախտումն առավել հաճախ քննարկվող հարց է, մնացած բոլոր խախտումներն այս կամ այն չափով առնչվում են սրան»,-«Մեդիալաբին» ասում է Ալումյանը և հավելում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածը` արդար դատաքննության իրավունքը, լայն է մեկնաբանվում:

  Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ն սկսել է քննել և լուծում տալ 2007-2010 թվականներին ներկայացված գանգատներին: «Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանի Վճռաբեկ դատարանը 95 տոկոս դեպքերում առանց պատճառաբանական մասի հետ էր ուղարկում դիմումները: Այսինքն՝ այն ֆիլտրը, որը պետք է բացառեր, որ իրավունքի խախտումները դադարեն, հիմնականում չէր գործում: Սրանք այն գործերն են, որոնք Վճռաբեկ դատարանում համարել են քննության ոչ արժանի»,- նշում է Ալումյանը:

  ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով, Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումների թիվը այլ երկրներից ստացվող դիմումների համեմատ,  փոքրաթիվ է:

Այդ դիմումների 80 տոկոսը, չեն մերժվում և ընդունվում են հետագա քննարկման: Ալվինա Գյուլումյանը սա բացատրում է մեր երկրի փաստաբանների  բարձր պրոֆեսիոնալիզմով:

  Հայաստանի դեմ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր,  տասը տարվա ընթացքում 50 վճիռ է կայացվել, որից միայն մեկ դեպքում է, որ խախտում չի արձանագրվել: Այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և չքննված կա 833 դիմում: Լինում են դիմումներ, երբ ՀՀ-ն ներկայացնող դատավորն ամաչում է, ինչպես օրինակ ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված քաղաքացիներ Գրիշա Վիրաբյանն ու Միշա Հարությունյանը ընդդեմ ՀՀ գործի պարագայում:

  «Գիտեք` տհաճություն ես զգում, որ նման գործեր են եղել Հայաստանում: Միշա Հարությունյանի դեպքում անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների միջոցով ստացված ապացույցը դրվել էր վճռի հիմքում: Բնականաբար նման վերաբերմունքի դրսևորումը հարիր չէր մեր հասարակությանը: Ես համենայնդեպս վատ էի զգում, որ մենք մեր հանրապետությունից կարող ենք նման գործ ունենալ, որտեղ մարդը խոշտանգումների է ենթարկվել»,-  ասում է Ալվինա Գյուլումյանը:

  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռները հիմնականում վերաբերում են անձի ազատության իրավունքին (ՄԻԵԿ-ի 5-րդ հոդված), արդար դատաքննության իրավունքին (ՄԻԵԿ-ի 6-րդ հոդված), սեփականության իրավունքին (ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդված): Նա նշում է, որ Հայաստանի վերաբերյալ վճիռների կառուցվածքն էապես չի տարբերվում Եվրոպական դատարանի ընդհանուր վիճակագրության մեջ դրսևորված միտումներից:

  Փոխնախարարի խոսքով՝ Եվրոպական դատարանը կոնկրետ գանգատը վարույթ ընդունելիս հաշվի է առնում ոչ թե ենթադրյալ խախտման հոդվածը, այլ գանգատի հիմնավորվածության աստիճանը: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ 45 վարույթներով կայացվել է 48 վճիռ, այդ թվում` 16 վճիռ 2012 թվականին, 2 վճիռ`ընթացիկ տարում: Երկու վարույթներով ՄԻԵԴ-ի Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Իսկ մեկ վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով:

  Մելիքյանն ասում է, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներով փոխհատուցման գումարների տարեկան բաշխումը համաչափ չէ, և օբյեկտիվ օրինաչափություն էլ գոյություն չունի: «Այսպես, 2012 թվականին ունեցանք 16 վճիռ, իսկ 2013 թվականի 1-ին կիսամյակում՝ ընդամենը 2 վճիռ, որոնցից մեկով է ճանաչվել խախտման բացակայությունը»,- վիճակագրությունն է ներկայացնում փոխնախարարը` հավելելով, որ ՀՀ վերաբերյալ վճիռներով վճարված կամ վճարման ենթակա փոխհատուցման ընդհանուր գումարը 570.294 եվրոյին համարժեք դրամ է և վերաբերում է 2007-2013 թվականներին:

  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասում է, որ այդ միջոցների հաշվին մի շարք խնդիրներ կարելի էր լուծել և առաջին հերթին պետբյուջեից վճարվող այդ գումարները կարելի էր ուղղել հենց արդարադատության համակարգին: «Եթե դատաիրավական բարեփոխումներն ընթանային այնպես, ինչպես իրենց առաքելությամբ նախանշվում էր, ապա այդ գումարները կարող էին տնտեսվել և դատաիրավական համակարգը բարելավելուն ուղղվել: Դա նշանակում է՝ մենք կարող էինք ունենալ արդար դատավորներ, հանիրավի կալանքի տակ չգտնվող մարդիկ, դա նշանակում է, որ այդ ընտանիքները, որոնք տուժում են անիրավությունից, չէին տուժի»,- «Մեդիալաբին» ասում է Փոստանջյանը:

  Պատգամավորը, նյութականից զատ, առավել կարևորում է Հայաստանի դեմ կայացված վճիռների հոգեբանական ազդեցությունը: «Բացի այս պահի նյութական վնասից, սա ՀՀ դատական համակարգի խայտառակ վիճակի գնահատականն է: Մենք միայն նյութական առումով չենք տուժում: Այդ գանգատները մի չնչին տոկոսն են ընդամենը, որոնք հասել են ՄԻԵԴ, բայց հազարավոր մարդիկ կան, որոնք նույնատիպ խնդիրներից տուժել են և դեռ չեն հասել այնտեղ»,- նկատում է նա:

  Կայացած դատաիրավական համակարգի պայմաններում, ըստ Փոստանջյանի, մենք կարող էինք արձանագրել ամենակարևորը` մարդիկ Հայաստանում ապրելու հույս կունենային: «Մենք այսօր չենք հասկանում, որ պետությունն առանց քաղաքացու չի կարող լինել: Ամենակարևորը` մենք կունենայինք քաղաքացի, որը չի հեռանում և հավատում է իր պետությանը, ոչ թե դատի է տալիս: Ամենակարևորը դա կլիներ»,- շեշտում է պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: