Պարզաբանում

25/07/2013

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է՝  հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը վերաբերող լրագրողների բազմաթիվ հարցերին, այդ թվում նաև Mediamax-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք «անօրինական են մեր քաղաքացիների  գործողությունները, որ վճարում են 100 դրամ հասարակական տրանսպորտի համար՝ հաշվի առնելով , որ քաղաքապետի որոշումը 5 օր ուշացումով է հրապարակվել»:

Որոշ լրատվամիջոցներ ճիշտ չեն ընկալել նախարարի պատասխանը: Նախարար Հրայր Թովմասյանը լրագրողի հարցին պատասխանելով՝ «ոչ անօրիանական չէ» նկատի է ունեցել քաղաքապետի որոշման հրապարակումը, ինչը հաստատվում է նաև հարցի պատասխանից անմիջապես հետո հնչած նախարարի պարզաբանմամբ: Իսկ  ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանել է, որ քաղաքապետի որոշումը անհատական ակտ է, ինչն անհրաժեշտ չէ հրապարակել՝  ըստ իրավական ակտերի մասին օրենքի:  Անհատական ակտը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: