Քննարկում՝ «Մշտապես գործող արբիտրաժի խնդիրները Հայաստանում» թեմայով

02/09/2013

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի սրահներից մեկում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց կլոր-սեղան քննարկում «Մշտապես գործող արբիտրաժի խնդիրները Հայաստանում» թեմայով:

Նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վերհանել  մշտապես գործող արբիտրաժի արդի խնդիրները, պարզել, թե ինչն է արբիտրաժային կենտրոններում գործերի սակավության պատճառը:

 

Վեճերի լուծման այլընտրանքային միջոցների խրախուսման, ասել է, թե արբիտրաժային դատարանների ձևավորման գործընթացը դեռևս դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ռազմավարական ծրագրով էր նախատեսված: Արբիտրաժային դատարաններն այսօր գործում են, սակայն ինստիտուտի լիարժեք կայացման, վեճերի լուծման այլընտրանքային ձևերի հանդեպ հանրության վստահության բարձրացման, իրազեկվածության  հարցում էական անելիքներ կան, օրենքի կիրառման ընթացքում ծագել են նաև որոշակի խնդիրներ, որոնք կարգավորելու համար փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն իր բացման խոսքում նշեց, որ նախարարությունն իհարկե ունի իր տեսլականն այս հարցում, սակայն շատ կարևոր է, որպեսզի պետության միջամտությունը խիստ սահմանափակ լինի այս ինստիտուտի կայացման հարցում և այս քննարկման անցկացման նպատակն է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վերհանել առկա բոլոր խնդիրներն ու գտնել անհրաժեշտ լուծումները:

Քննարկմանը ներկա արբիտրներն ու ՀՀ դատական տարբեր ատյանների ներկայացուցիչները ներկայացրեցին  առկա խնդիրները՝ հատկապես նշելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը: