Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ հարցի լուծման համար ներդրում կունենան. ԱՌԱՎՈՏ
11/10/2013
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ նիստը, որը ղեկավարում էր ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Առավոտ»-ի տեղեկացմամբ, նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը չէր խախտել «Լեզվի մասին» օրենքն ու ապահովել էր հայերեն թարգմանությունը: Հրայր Թովմասյանի փոխանցմամբ`սա հերթական հանդիպում քննարկումն է եւ ամեն անգամ այն անցկացվում է անդամ երկրներից որեւէ մեկում: Այս անգամ հերթը Հայաստանինն էր: Նիստի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք գտնվում են արդարադատության նախարարությունների լիազորությունների ներքո եւ որոնք ընդհանուր են անդամ երկրների համար: «Որպես կանոն նախագահող երկիրն ունենում է նախապատվություն` հարցերի քննարկման շրջանակը որոշելու, եւ այս անգամ օգտվելով այդ առիթից՝ քննարկման առարկա ենք դարձրել մեզ համար կարեւոր երկու հարց, որոնցից մեկը չճանաչված պետությունների կողմից փաստաթղթերի ճանաչումն է անդամ երկրների կողմից: Մենք ունենք այդ խնդիրը ԼՂՀ –ի իշխանությունների կողմից տարբեր փաստաթղթերի տրման հետ կապված, որոնք հետագայում ներկայացվելու են անդամ երկրներ, դա կլինի ծննդյան վկայականներ, մահվան, ամուսնության եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք երբեմն խնդիրներ են առաջացնում այդ երկրների կողմից, թե ինչպես դրան վերաբերվել: Կքննարկվեն այս բոլոր հարցերը եւ առաջարկություն է ներկայացվել, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, որը կմշակի համաձայնագիր, եւ որի ստորագրման պարագայում մենք մեզ համար կարեւոր այդ խնդիր կլուծենք: Կապ չունի, որ պետությունը ճանաչվել է թե ոչ, այնտեղ մարդիկ են ապրում, որոնք ունեն իրավունքներ, որոնք բնորոշ են մարդուն»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: