Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների մեծ մասը վերաբերում է արդար դատաքննության խախտումներին. ՀԵՏՔ

14/10/2013

2005թ-ից մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի վերաբերյալ կայացրել է 48 վճիռ` 45 վարույթներով, որից 43-ում ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում: Խախտում չի արձանագրվել միայն 2 վարույթներով: «Հետք»-ի տեղեկացմամբ, այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը Աղվերանում կազմակերպված «Լրագրողների եւ դատական համակարգի միջեւ հարաբերությունների իրավական կողմերը» եւ «Հանրային ծառայության բարեփոխումները, ռազմավարությունը եւ ձեռքբերումները» թեմաներով սեմինարի ժամանակ: Այն կազմակերպել էր «Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ-ն՝ «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության հետ համատեղ:

Փոխնախարարի խոսքով` որոշ դեպքերում նույն վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով խախտումներ:

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրած վճիռներից արդար դատաքննության իրավունքի խախտում է արձանագրել 18 անգամ. 10-ը ազատության իրավունքին է վերաբերում, 8-ը` վերաքննության, 7-ական վերաբերում են հավաքների և սեփականության իրավունքներին, վատ վերաբերմունքի արգելքին, իսկ 9-ը` Կոնվենցիայի այլ հոդվածների խախտումներին: Սակայն, սա չի նշանակում, որ ՄԻԵԴ-ը Հայաստանից այդքան գործ է ստացել եւ բոլորն էլ բավարարել է: Ռուբեն Մելիքյանը նշեց, որ պարտված գործերով բավարարվել է փոխհատուցումների պահանջի մոտ 3.5 տոկոսը:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ի վարույթում Հայաստանից եղել է 950 գործ, որոնցից մոտ 600-ը ադրբեջանցիների կողմից ներկայացված գանգատներն են: Նշենք, որ նույն ժամանակահատվածում ՄԻԵԴ-ի վարույթում գտնվում է ընդդեմ Ադրբեջանի 1299 գործ, ընդդեմ Վրաստանի` 2883, իսկ Մոլդովայի դեմ` 3256 գործ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: