Այլընտրանքային լուծումների դեպքում նախագիծը գուցեև հանվի. ՀՐԱՊԱՐԱԿ

16/10/2013

 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես հայտնի է, առաջացրել են փաստաբանների դժգոհության մեծ ալիք: Փաստաբանները պնդում են, որ ոչ մի կերպ չեն վճարելու 60 հազար դրամ տուրքը, որը, իրենց խոսքով, ապօրինի է սահմանվել: Ստորեւ ներկայացվում է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Հարությունյանի զրույցը նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ:

- Պարոն Օրբելյան, Ձեր հեղինակած նախագիծը բողոքների տեղիք է տվել փաստաբանների շրջանում: Նախագիծը համարվեց անհիմն, չպատճառաբանված: Ի վերջո, որո՞նք են այս նախագծի հիմնավորումները, ինչո՞ւ հանկարծ անհրաժեշտություն առաջացավ նման նախագիծ մշակել:

- Նախագիծը դրվել է հանրային քննարկման, ինչպես նաեւ ուղարկվել է շահագրգիռ կողմերին, տվյալ դեպքում՝ Փաստաբանական պալատ: Ակնկալվում էր, որ նախագծի վերաբերյալ կստանանք առաջարկություններ, կարծիքներ, բայց չէինք ակնկալում, որ նմանատիպ հրապարակային արշավ պետք է սկսվեր նախագծի վերաբերյալ, որովհետեւ այն ոչ ոքից թաքուն չէինք մշակել, ոչ ոքից չէինք թաքցրել: Հիմնավորումները երկուսն են: Մեկն էլեկտրոնային ռեգիստրի առկայության անհրաժեշտությունն է: Ինչքան էլ փաստաբանները պնդեն, որ կա նման ռեգիստր, բայց պետք է նշեմ, որ Փաստաբանների պալատի կայքում «Մեր փաստաբանները» կոճակի տակ տեղադրված անունները եւ տվյալները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Անհրաժեշտություն կա, որ տվյալ ինֆորմացիան ավտոմատացված կարգով հնարավորություն լինի փոխանցել այլ տեղեկատվական համակարգերի հետ, որպեսզի ամեն տեղ գնալիս փաստաբանն ստիպված չլինի իր արտոնագրի պատճենը ներկայացնել: Նախագծի մի մասը նախատեսում է նման ռեգիստրի վարումը: Փաստաբանների կողմից դա դիտվեց որպես ոտնձգություն, նախարարության կողմից ազատության սահմանափակում: Ես խնդիր չեմ տեսնում, որ տվյալ ռեգիստրն օրենքով սահմանված չափանիշներին համապատասխան վարի պալատը, ուղղակի հավելյալ ծախսեր կլինեն պալատի համար:

- Հիմնական դժգոհությունը կարծեք թե 60 հազարի հետ է կապված: Փաստաբանների կողմից դա որակվեց որպես «ավազակություն եւ կողոպուտ»: Որքանո՞վ է արդարացված այդ գումարը:

- Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է ամսական 5 հազար դրամի մասին: Այսինքն՝ ամսական 60 հազար չեն վճարում: Դա տարեկան վճար է: Մի շարք տարբեր մոդելներ կան: Հարկային բազայում, երբ որ մենք փորձում ենք ուսումնասիրել եւ քննարկել, ունենք աուդիտորների բլոկը, որոնք շրջանառության հարկ վճարող դառնալու հնարավորություն պարզապես չունեն: Օրենքում ուղղակիորեն նախատեսված է, որ իրենք պարտադիր ԱԱՀ-ի դաշտում են: Ունենք նոտարներ, որոնք ուղղակիորեն նման ծառայություն են մատուցում: Նրանց դեպքում շրջանառության հարկը 20 տոկոս է: Ունենք նաեւ փաստաբաններ, որոնք եւս խորհրդատվական ծառայություններ են մատուցում, եւ այստեղ շրջանառության հարկը 5 տոկոս է: Նպատակն այն էր, որ փաստաբանական հասարակությունն ավելի մասնակից լինի գործընթացներին: Այն պնդումը, թե փաստաբանների հաշվին փորձում ենք իրականացնել հանրային պաշտպանություն, չի համապատասխանում իրականությանն այն համատեքստում, որ այսօր հանրային պաշտպանի գրասենյակը որոշ ֆինանսավորում ստանում է՝ տարեկան 270 միլիոնի չափ: Նույն ձեւով փաստաբանները կարող են պնդել, թե ինչու են հարկեր վճարում, որոնց հաշվին իրականացվում են տարբեր ծառայություններ: Բոլոր քաղաքացիների հաշվին իրականացվում են պետական բոլոր գործառույթները: Մենք կարող էինք շատ հանգիստ ձեւակերպել, որ այդ գումարն անհրաժեշտ է մանկաբարձական օգնություն տրամադրելու համար, եւ այդ 80 միլիոն դրամը, որը մեզ պակասում է հանրային պաշտպանի գրասենյակի համար, խնդրել առողջապահության նախարարությունից: Այստեղ բառախաղ կլիներ: Իմ նպատակն էր, որ փաստաբաններն ունենային ավելի ակտիվ մասնակցություն համակարգի, արդարադատության զարգացման, իրավական օգնության տրամադրման հարցում:

- Բայց հասկանալի չէ, թե ինչու փաստաբանը պետք է իրականացնի պետության վրա դրված գործառույթը, իր գրպանից վճարի հանրային պաշտպանի գրասենյակին:

- Նույն պնդմամբ՝ այսօր փաստաբանները եւ ցանկացած քաղաքացի կարող են պնդել, որ իրենց գրպանից վճարում են անվճար բժշկական օգնության համար, իրենց գրպանից վճարվում են անվճար կրթությունը, բանակը, արտաքին քաղաքականությունը:

- Բայց դրանք սովորական հարկեր են, որոնք վճարում են բոլորը: Դուք հիմա լրացուցիչ պարտավորություն եք դնում փաստաբանի վրա: Դա է խնդիրը:

- Այո, ամսական լրացուցիչ 5 հազար դրամի հարկ: Այսօր փաստաբաններին ուղղակիորեն առնչվող ոլորտներից մեկում` հանրային պաշտպանության ոլորտում, առաջ է գալիս ֆինանսական որոշակի խնդիր: Խնդիրն այն չէ, որ փաստաբաններն իրենց գրպանից վճարեն: Չնայած բազմաթիվ երկրներ կան, որտեղ փաստաբաններն իրենց գրպանից վճարում են կամ իրականացնում են որոշակի ծավալով անվճար աշխատանք: Երբ որ քննարկում էինք, տարբերակներից մեկն այն էր, որ փաստաբանները որոշակի ծավալով անվճար օգնություն տրամադրեին, որը կկարգավորվեր հանրային պաշտպանի կողմից: Քննարկվում էին նաեւ այլ մոտեցումներ, բայց ոչ մեկին կողմ չէին: Մոտեցումն այսպիսին էր. պետբյուջեից վճարեք` մենք կավելացնենք պաշտպանների թիվը, չեք վճարի` չենք ավելացնի: Ընդունելի տարբերակ է, եւ զարմանալի կլիներ, որ ինչ-որ մեկը ցնծությամբ ասեր` ինչ լավ է, որ մեր հարկերն ավելացրին:

- Նախագծի մշակման ժամանակ քննարկումներ, փաստաբանների կողմից առաջարկներ եղե՞լ են, թե՞ ոչ:

- Փաստաբանների հետ բազմաթիվ կլոր սեղան-քննարկումների, մի քանի տարբեր հանդիպումների ժամանակ փորձել եմ առանձին այդ հարցը բարձրացնել: Մի քանի հանդիպում ունեցել ենք բացառապես այդ հարցին վերաբերող: Ես փորձել եմ քննարկել տարբերակներ, թե ինչ կարող ենք անել հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետության բարձրացման համար: Բոլոր առաջարկները բացասական են ընդունվել: Այլընտրանքային լուծման որեւէ առաջարկ չի եղել: Նախագիծը պատրաստ լինելուն պես դրվել է հանրային քննարկման, ուղարկվել է ՓՊ, այլ գերատեսչություններ: Որեւէ թաքուն բան չի արվել: Արդեն իսկ ստացել ենք ՓՊ-ի կարծիքը, առանձին փաստաբանների կարծիքը եւ ունենք օմբուդսմենի գրասենյակի կարծիքը: Հանրային խորհրդում է քննարկում պլանավորվում: Բայց այդ կարծիքներում եւս այն մոտեցումն է, որ սա շատ վատ նախագիծ է, բերեք հանենք: Ոչ մի այլընտրանքային մոտեցում, լուծում չի առաջարկվել:

- Օմբուդսմենը նշել էր, որ արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը: Նախագծով, ըստ էության, միջամտության փորձ չի՞ արվում:

- Նախ պետք է ճշտենք, թե այս դեպքում օմբուդսմենը որպես ով է խոսում` որպես օմբուդսմե՞ն, թե՞ որպես նախկին փաստաբան: Երկրորդը` ես անկախության ոտնահարման քայլ չեմ տեսնում: Մենք ընդամենն ասում ենք` պալատը տալիս է ձեզ լիցենզիա, լիցենզիան բերում եք, դիմում ենք նախարարություն, մենք ձեզ միանգամից գրանցում ենք: Եթե սա անկախության ոտնահարման քայլ է, ապա ես դժվարանում եմ որեւէ բան ասել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: