Քննարկում՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլ միջոցների կիրառման մասին զեկույցի

18/10/2013

 Հոկտեմբերի 17-ին անցկացված կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացվեց Նորվեգիայի  կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՀՀ-ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում կարիքների գնահատման զեկույցը:

 Զեկույցում ներկայացված է ՀՀ մինչդատական, դատական և  հետդատական փուլերում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլ միջոցների  կիրառման ներկայիս վիճակի նախնական գնահատականը: Զեկույցում ներառված են նաև առաջարկություններ, մասնավորապես, թե ինչպես է հնարավոր ընդլայնել գործող միջոցների կիրառումը և թե ազատությունից զրկելու հետ չկապված ինչպիսի նոր պատիժներ և այլ միջոցներ կարող են նախատեսվել օրենքով: Հատուկ ուշադրություն է դարձվել պրոբացիոն ծառայության ստեղծմանը, որը նշանակալի դերակատարություն կունենա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլ միջոցների կիրառման հարցում:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս զեկույցն  իրականացվող համատեղ ծրագրի առաջին էական արդյունքն է:

 «Ազատազրկմանն արդյունավետ այլընտրանքներ սահմանելն առկա խնդիրների լուծման ամենաիրատեսական տարբերակն է»,-ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս քաղաքականությունն է որդեգրել: «Դրան են ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված ՀՀ 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկում նշված մի շարք գործողություններ, մասնավորապես ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի մշակում, պրոբացիայի ստեղծում և այլն»,-ասաց փոխնախարարը:

 Արամ Օրբելյանը նաև վստահություն հայտնեց,  որ Հայաստանում լիարժեք պրոբացիոն ծառայության առկայության դեպքում հնարավոր կլինի, ոչ միայն բեռնաթափել ազատազրկման վայրերը, այլ նաև նվազեցնել կրկնահանցագործությունը, բարելավել պատիժը կրած անձանց վերաինտեգրացիան, մասնագիտական մոտեցում ցուցաբերել վաղաժամկետ-պայմանական ազատման խնդրին, ինչպես նաև լուծել մի շարք այլ հարցեր:

Նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են պրոբացիայի հետ կապված հարցերը կարգավորող իրավական ակտերի նախագծերը: Վերանայվել են վաղաժամկետ-պայմանական ազատման ընթացակարգերը, մշակվել են օբյեկտիվ չափանիշներ, պատրաստվել է քրեական օրենսգրքի հայեցակարգի առաջին նախագիծը:

 Քննարկման ընթացքում Նիդերլանդներից փորձագետ, զեկույցի համահեղինակ Ջերարդ դե Յոնգը մանրամասն ներկայացրեց կարիքների գնահատման զեկույցի գլուխները, պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկմանը մասնակցող հասարակական սեկտորի, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները   առաջարկություններ արեցին զեկույցի որոշ դրույթների առնչությամբ: