ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

21/10/2013

 Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեսկին, ով Հայաստան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: 

 Ընձեռնված հնարավորությունից օգտվելով՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպում էր խնդրել ՀՀ արդարադատության նախարարից երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրականացվող քայլերի, մասնավորապես «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից» բխող միջոցառումների ծրագրի նախագծի  վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: 

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հյուրի խնդրանքով, նախ ներկայացրեց  մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաև ոլորտում իրականացվող բարեփոխումները, 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը: «Առանց դատական իշխանության բարեփոխումների իրականացման, մյուս բոլոր ոլորտներում բարեփոխումները ենթակա են ձախողման»,- իր խոսքում ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարը, ապա ներկայացրեց որոշ մանրամասներ առաջնահերթ այդ խնդրի կարգավորման նպատակով մշակված օրենսդրական փոփոխությունների և դրանց արդյունավետ կիրառման պարագայում ակնկալվող արդյունքների վերաբերյալ: 

 ԵԽ մարդու իրավունքների  հանձնակատար Նիլս Մուիժնիեսկը  պաշտոնը ստանձնել է 2012 թ.-ի ապրիլի 1-ին և սա նրա առաջին այցն էր Հայաստան: