Ռուբեն Մելիքյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

15/11/2013

 Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն այսօր գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր ընտրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին:

 «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի համաձայն Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ: Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ` հայտ ներկայացրած թեկնածուների թվից:

 Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է  2013թ հոկտեմբերի 10-ին ՝  www.azdarar.am կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Մինչև թափուր պաշտոնի համար հայտերի ընդունման ժամկետի ավարտը /նոյեմբերի 11-ը/ հայտ են ներկայացրել Արտյոմ Գեղամյանը  և Ռուբեն Մելիքյանը:

 Այսօր կառավարման խորհուրդը ռեկտորի թեկնածուների հայտերն ու ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն  օրենքի պահանջներին ուսումնասիրելուց հետո գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 6 կողմ 0 դեմ համամասնությամբ արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց Ռուբեն Մելիքյանին:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը հրաժարական կտա: