Վարչապետի դժգոհությունից մինչև Էլեկտրոնային նոտար. նոտարիատի բարեփոխումների ընթացքը.Iravaban.net

19/11/2013

 Համատարած կաշառակերություն և համատարած դժգոհություն. Iravaban.net-ի հաղորդմամբ, 2011 թվականին Կառավարության նիստի ժամանակ այս բնորոշում էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը նոտարների աշխատանքի վերաբերյալ: «Համատարած կաշառակերություն` գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին: Միանգամից գումարը վերցնում են, և պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է մեր կողմից սահմանված սակագները»,- Կառավարության նիստում 2011 թվականին ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանն ու առաջարկել վերանայել նոտարական գործողությունների սակագներն ու վերացնել սանդղակները: …Նոտարական գործարքների գաղտնիության սկզբունքի և օրենքով սահմանված ընթացակարգային պահաջների անտեսում, նոտարական գրասենյակների պատերին փակցված տեղեկությունների անմատչելիություն, մեքենագրուհիների կողմից իրենց լիազորությունների գերազանցում, հարկային պարտականությունների չկատարում, հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանություն, կանխիկ վճարումների առկայություն: Սրանք այն հիմնական խնդիրներն էին, որոնք արձանագրել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2011 թվականին «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած մոնիթորինգի արդյունքներում: 2011 թվականին նոտարիատի ոլորտի բարեփոխումները նոր թափ հավաքեցին:  Առաջնայինն Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի լուծարումն էր: Բաժինը զբաղվում էր ոլորտին վերաբերող բոլոր հարցերով, սակայն Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի կարծիքով, կոռուպցիոն ռիսկներ պարունակելու տեսանկյունից առաջացնում էր խնդիրներ: Նոտարիատի բաժնի լուծարումից հետո բաժնի գործառույթները վերաբաշխվել է Արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչությանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը. առաջինը զբաղվում է օրենսդրության և քաղաքականության մշակմամբ, երկրորդը՝ վերահսկողությամբ: Նոտարական գրասենյակներում 2011 թվականին ՀԵԻԱ-յի իրականացրած մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարզերում քաղաքացիները բողոքում էին նոտարների սակավությունից ու առաջարկել էին ավելացնել նոտարների թիվը: 2011 թվականին Հայաստանում աշխատում էր 75 նոտար: Թվի ավելացման պահանջարկ կար, բայց նոտար դառնալու չափանիշները բավականին խիստ էին և խնդիր էր առաջացնում այն, որ նոտար դառնալու համար որակավորման քննություններին կարող էր մասնակցել բացառապես նոտարի մոտ ստաժավորում անցած անձը, իսկ ստաժոր վերցնել, թե՝ ոչ, նոտարի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Այստեղից խնդիր էր առաջանում և ստացվում էր, որ պետությունը կախվածության մեջ է նոտարից՝ նա կունենա՞ր քննությանը մասնակցող թեկնածու, թե` ոչ: 
 «Նախկինում նոտար նշանակվելու դեպքում անձը պարտավոր էր անցնել ստաժավորում, ինչը, ընդհանուր առմամբ, ընդունված պրակտիկա է, բայց ստաժավորման նշանակելու և անցնելու կարգը սահմանված չլինելն առաջացրել էր զգալի կոռուպցիոն ռիսկ: Դրա հետ կապված որոշեցինք որոշակի ազատականացնել ոլորտն առնվազն եթե ոչ մշտապես, ապա գոնե ժամանակավոր, և սահմանվեց, որ համապատասխան աշխատանքային ստաժ, գիտական աստիճան ունեցող անձինք կարող են հանձնել քննությունները, և եթե նրանք ստաժավորում անցած չլինեն, ապա նրանց համար ստաժավորումը կկազմակերպվի պոստ ֆակտում: Այս փոփոխությունների արդյունքում հնարավորություն եղավ խուսափել ստաժավորում անցնելու քննադատությունից»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանն ու հավելեց, որ փորձը ցույց է տվել, որ քննությունների ժամանակ ավելի շատ հնարավորություններ ունեն այն անձինք, ովքեր անցել են ստաժավորում, գիտեն իրավունքի կիրառումը` որպես նոտար: Փոխնախարարի խոսքով՝ «Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգով», որը շուտով նախատեսում է ներկայացնել Կառավարության հաստատմանը, նախատեսվում է վերականգնել ստաժավորումը, բայց այլ մոդելով:  

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: