ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին

21/11/2013

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ, Էստոնիայի կենտրոնական կուսակցության փոխնախագահ Մայլիս Ռեփսին:

 ԵԽԽՎ հանձնաժողովի ներկայացուցչի տարածաշրջան կատարած այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին: Հանդիպման ընթացքում տիկին Մայլիս Ռեփսը փոխանցել է, որ 2014 թ-ի հունվարին Ստրասբուրգում ներկայացնելու է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների և, ընդհանրապես, իրավապաշտպանների գործունեությունն ու դերը:

 Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում առկա ձեռքբերումներն ու հիմնական խնդիրները: Նախարարի խոսքով՝ Հայաստանում լուծված է հավաքների ազատության խնդիրը, «խոսքի ազատության ոլորտում ունենք թռիչքային առաջընթաց»: Հրայր Թովմասյանն առանձնացրել է նաև քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը, ընդգծելով, որ այսօր իշխանությունները հաշվի են առնում նրանց կարծիքը:

 ԵԽԽՎ ներկայացուցչի խնդրանքով ՀՀ արդարադատության նախարարը որոշ մանրամասներ է փոխանցել նաև դատական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: