Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը` Հայաստանում. Iravaban.net

09/12/2013

 Որքան ժամանակ գոյություն ունեն պետությունները, այնքան ժամանակ էլ կոռուպցիան: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բնորոշմամբ` կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ դեղատոմսեր չկան աշխարհում. անգամ այնպիսի երկրները, որոնք հակակոռուպցիոն ոլորտում շատ մեծ ձեռքբերում ունեն, ժամանակ առ ժամանակ այդ երկրներում էլ են նկատվում կոռուպցիոն ռիսկեր: «Մարդկության ողջ պատմությունը նաև պատմություն է կոռուպցիայի դեմ պայքարի` գլխատելուց, կախաղան բարձրացնելուց մինչև կաշառակեր դատավորի կաշվից դատավորների համար աթոռներ պատրաստելուց, որպեսզի դատավորը հիշի, թե ում աթոռն է նստում մինչև գիլիոտին և հակակոռուպցիոն ռազմավարություններ»,- «Iravaban.net»-ի հաղորդմամբ, ասաց Հրայր Թովմասյանը: Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Թե ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կազմակերպած միջոցառման ժամանակ բարձրաձայնեցին ոլորտի պատասխանատուները: Միջոցառմանը ներկա էին պետական մարմիններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, իրավաբաններ ու փաստաբաններ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման հիմնադիր Կարեն Զադոյանի կարծիքով` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ իրականացվել, եթե այն չհիմնվի հիմնականում զարգացող երկրներում առկա հակակոռուպցիոն պայքարի և փորձի վրա:  «Ներկայումս նույնպես պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերը բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, երկրի քաղաքացիները դեռևս չունեն ամբողջական հավատ, որ կարող են ինքնուրույնաբար մասնակցել պետական կառավարման համակարգերի բարելավմանը և պայքարել կոռուպցիա չարիքի դեմ»,- նշեց Կարեն Զադոյանը: Միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանը Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման կողմից սահմանված «Տարվա քաղաքացի» ամենամյա մրցանակը հանձնեց Արմենուհի Առաքելյանին: Նա 2013 թվականին Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավական օգնության շնորհիվ կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները` գիտակցելով իր իրավունքների պաշտպանության կարևորությունն ու սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել:  Մրցանակը ստացավ Արմենուհի Առաքելյանի ամուսինը: «Մենք Սահմանադրության մեջ հենց այնպես չենք գրել, որ մարդը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը բարձրագույն արժեքներ է, և լինի Արդարադատության նախարար, լինի ինչ-որ հանձնաժողով, իր գլխավոր առաքելությունը մարդուն ծառայելն է և այդ մարդու խնդիրները լուծելն է»,- հայտնեց Հրայր Թովմասյանը: Միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ներկայացրեց դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հակակոռուպցիոն բարեփոխումների լույսի ներքո: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: