Արդար դատավորը մեկն է, այն էլ՝ երկնքում. բացառիկ զրույց արդարադատության նախարարի հետ. tert.am
26/12/2013
Պետությունն այլ բան չէ, քան օրենք, իրավակարգ, մնացածը «սուվենիրներ» են։ Իսկ մարդն այդտեղ չկա մեկ պատճառաբանությամբ, որովհետև մարդը հենց այդ պետությունն է, կենդանի քաղաքը՝ Աստծուց շինված, հողի պատկերը։ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն» ասում է. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. իմ ոսոխի դեմ իմ դատը տես»:Ասել է թե՝ անիրավության ժամին խղճմտանքը գնում է մտքի դուռը՝ թե իմ դատը տես։Առակը հուշում է, որ միտքը կարողանում է իր արդար դատաստանը տեսնել մեկ ճանապարհով՝ ապաշխարությամբ և զղջմամբ։ Որովհետև հաստատ, արդար դատավորը Մեկն է, այն՝ էլ երկնքում։ Իսկ Նրան վերաբերող մարդկային ցանկացած խոսք արդարացում է։
Տարվա ավարտին tert.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:
-Պարոն նախարար, անթույլատրելի հարցերի ցանկ կա՞։
-Եթե հարցնեք՝ օրը քանի անգամ ուր եք գնում և այլն, և այլն, չեմ պատասխանի։
-Այսինքն, դրանք վերաբերում են զուտ անձնական հարթությանը։
-Այո։
- Օրական քանի՞ ժամ եք աշխատում։
-Ժամը 9-ից ուշ չեմ գալիս աշխատանքի և մինչև երեկոյան 20-21-ն աշխատավայրում եմ։ Մի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ գիշերը՝ ժամը 1-ից հետո, փակում ես աչքերդ, քունդ տանում է, բայց ուղեղդ չի անջատվում։ Եվ այդ ժամանակ շատ հետաքրքիր լուծումներ են գալիս։
-Դուրս է գալիս, որ օրական տասը ժամից պակաս չե՞ք աշխատում։
-Տասը ժամը նվազագույնն է։ Մնացածն էլ հիմնականում նախարարության հետ է կապված։ Անընդհատ լուծումներ եմ փնտրում, միշտ թուղթ ու գրիչ է ձեռքիս։ Գիտե՞ք, այս վիճակը շատ նման է համակարգչի քնած ռեժիմին, երբ էկրանը սև է, բայց ուղեղը՝ պրոցեսորն, անջատված չէ։
-Ստացվում է, որ Դուք խախտում եք օրենքը՝ աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, որն առաջադրում է 8-ժամյա աշխատանքի պահանջ։
-Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ դու նաև կամովին աշխատես, իսկ նախարարի աշխատանքը լիմիտավորված չէ։ Սա այն գինն է, որ վճարում ես քեզ տրված լիազորությունների դիմաց՝ ավելի քիչ ես շփվում ընտանիքիդ, ընկերներիդ հետ, քո ազատ ժամանակն էականորեն փոքրանում է։
-Գինը միշտ կարելի է սակարկել, եկեք խոսենք աշխատանքի արժեքի մասին։ Տարին փակվում է, եթե, օրինակ, 10 բալանոց սանդղակով գնահատելու լինեք Ձեր աշխատանքի արժեքը, որքա՞ն կգնահատեիք։
-Կարծում եմ՝ Դուք պետք է գնահատեք։
-Մենք, անշուշտ, գնահատել ենք։ Կուզեի, որ հիմա էլ Դուք գնահատեք։
-Ես սուբյեկտիվ կլինեմ այդ հարցում։
-Ինչո՞ւ, մի կողմում դնում եք հռչակված նպատակները, մյուսում՝ կատարողականը, և պատկերը լրիվ պարզ է դառնում։
-Այսպես ասեմ՝ ի սկզբանե նախարարի աշխատանքն իմ պատկերացմամբ և այն աշխատանքը, որն այսօր կատարում եմ, էականորեն տարբերվում է։ Դա ամենևին էլ մաքուր իրավաբանի, գիտակ փորձագետի աշխատանք չէ, ով զբաղվում է զուտ իրավական ակտերի մշակմամբ, դրանց զարգացումներով ու փոփոխությամբ։ Օրվա մեծ մասը ծախսում ես կա՛մ մենեջմենթի, կա՛մ տարբեր խորհրդակցությունների վրա, որոնք ոչ միշտ են կապված քո ոլորտի հետ։ Այդ խորհրդակցություններին մասնակցում ես որպես կառավարության անդամ, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ։
-Ձեզ ի՞նչը կամ ո՞վ ստիպեց դառնալ Հանրապետական կուսակցության անդամ։ Դուք նոր սերնդի կառավարիչ եք և կարծում եմ, առանց կուսակցական պատկանելության էլ կարող էիք պաշտոնավարել։
-Երբեք ստիպելով ինչ-որ բան չեմ արել։ Նույնիսկ, երբ մի բան իմ կամքով է, բայց ստիպում են, ներքին եսս սկսում է դրա դեմ ըմբոստանալ։ Եթե ստիպելու գինը քո պաշտոնն է ու եթե դու ինչ-որ բան ստիպված պիտի անես, ավելի լավ է՝ չանես, այլապես դու՝ որպես նախարար, կաշկանդվածություն կունենաս։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: