Միջազգային մասնավոր իրավունքը՝ ՀՀ ԱՆ ուշադրության կենտրոնում

17/02/2014

  Փետրվարի 15-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» օրենքի մշակման վերաբերյալ: ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսել է բարեփոխումների մեծ փաթեթ, որը վերաբերում է քաղաքացիական հասարակությանը՝ հատկապես միջազգային մասնավոր իրավունքին վերաբերող կոլիզիոն նորմերի բարեփոխմանը: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ձևավորվող միջազգային մասնավոր իրավունքի հարցերի աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում մի շարք հիմնարար խնդիրների բացահայտումներ կլինեն, ինչն էլ կնպաստի Հայաստանի համար միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ օրենսդրության վերանայմանը: «Կքննարկվեն կոլիզիոն իրավական ինստիտուտների, միջազգային իրավունքի մասին դրույթները, ինչպես նաև Հայաստանում արտաքին առևտրի և ուղղակի ներդրումների համար միջավայրի բարելավման խնդիրները»,- ասել է նախարարի տեղակալը:

 ԵՄԽԽ արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդատու Չարլզ Էլրիխը նույնպես կարևորել է Հայաստանում միջազգային մասնավոր իրավունքի վերանայումը, ընդգծելով, որ այն մեծ նշանակություն կունենա արտաքին ուղղակի ներդրումների, ինչպես նաև Հայաստանում լավ բիզնես միջավայր ձևավորելու համար համապատասխան իրավական դաշտ զարգացնելու գործընթացում:

 Կլոր սեղան-քննարկման ժամանակ իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև փորձագետներ Կենտի համալսարանի դասախոս Մարկո Ռոչիան, ԵՊՀ դասախոս Արմեն Հայկյանցն ու ՀԱՀ դասախոս Մուշեղ Մանուկյանը: